Մոսկվայի մեսիջը Փաշինյանին. Սորոսական ցանցը պետք է չեզոքացվի
Չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրված» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա:
Այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները չեն քննարկում ռուսներն ու հայերը, այլ քննարկում են Արևմուտքի կողմից հովանավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները: Ի՞նչ նպատակ են հետապնդում բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, որոնք նշում են ռուսական զորակազմի՝ ՀՀ-ում տեղակայված լինելու կործանարար հետևանքների մասին և, վերջին հաշվով, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի քայքայումը: Միանշանակ մի բան կարելի է ասել՝ դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Հայաստաննն ու Ռուսաստանը: Այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մոսկվան հստակ մեսիջ է հղում Նիկոլ Փաշինյանին և ՀՀ-ի իշխանություններին, որ ՀՀ-ում տարբեր գրանտակեր ՀԿ-ներ և շրջանակներ, ունենալով Արևմուտքի ֆինանսավորումը, հարվածում են հայ-ռուսական ռազմավարական կապերին՝ թիրախավորելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան և դրանով իսկ վտանգելով ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը:
ՌԴ-ի դեսպանատունը նաև կոչ է անում ՀՀ-ի իշխանություններին զսպել այն ուժերին, որոնք քայքայում են հայ-ռուսական կապերը ու ՀՀ-ի համար ազգային անվտանգության կարևորագույն տարր հանդիսացող ռուսական զորքերի դուրս բերման համար կեղծ օրակարգ ու հասարակական տրամադրություններ են ստեղծում:
Պետք է նշել, որ Մոսկվան քննադատության թիրախում է պահում հենց տարբեր արևմտամետ գրանտակեր կազմակերպություններին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ-ի գործող իշխանություններին՝ այդ կերպ գործող իշխանություններին հնարավորություն տալով չասոցացվելու սորոսական և այլ ուժերի հետ: Կարևոր է, որ ՌԴ-ն գիտակցում է ՀՀ-ի և հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ու չի ասոցացնում Փաշինյանին հակառուսական քարոզչությամբ ու գործունեությամբ զբաղվող ՀԿ-ների ու ուժերի հետ:
ՀՀ ԱԱԾ-ն պետք է հստակ զբաղվի այն ՀԿ-ներով, որոնք խաթարում են հայ-ռուսական հարաբերություններն ու այդ կերպ նաև թուլացնում Հայաստանի ազգային անվտանգության, բանակի պաշտպանունակության մակարդակն ու փորձում են հասնել ՌԴ-ի զորքերի դուրս բերմանը ՀՀ-ից՝ այդ կերպ քարթ-բլանշ տալով Թուրքիային հայ-թուրքական սահմանը թիրախավորելու ու մայրաքաղաք Երևանը հարվածի տակ դնելու համար: