24.11.2024
Հայ խաղաղապահները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները
prev Նախորդ նորություն

Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու

Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու: ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել և «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձև՝ կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ և քվեարկությունը:


Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում և Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի և Ջոն Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ):


Իրավական գործընթացների մեջ չեմ խորանում, բայց այստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄքՔոննելի աջակցությունը:


Այս պահին ունենք 16 սենատորի սկզբնական աջակցություն և մեկ սենատոր, ով ի զարմանս ինձ և իր թուրք ընկերների, միացել է աջակիցներին (Cory Booker)»,- գրել է Սուրեն Սարգսյանը:


Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: