23.11.2024
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Սենատում կանցնի հոկտեմբերի 29-ին
prev Նախորդ նորություն

Պատմական քվեարկություն. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Պատմական քվեարկություն`պատմական արդյունքներով. Եղեռնից ավելի քան մեկ դար անց`այսօր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:


Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը, հայտնում է Ազատությունը:


Այսպիսով, ինչպես նշում է Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը, կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: "Դեմ քվեարկած 10 հանրապետականներին կանդրադառնամ: Նրանք թուրքական հանձնախմբի անդամ են: Սա մեր համայնքի, ինչպես նաև ANCA ի և AAA ի համատեղ աշխատանքի արդյունքն էր", - նշում է նա:


Երեւանը ողջունում է, Թուրքիան՝ դատապարտում


Պաշտոնական Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Նման գրառում Թվիթերի իր միկրոբլոգում արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



 


«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», - Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետը:


Թվիթերում մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանն իր սրտանց շնորհավորանքներն է փոխանցում հայ հայրենակիցներին աշխարհով մեկ և հիացմունքը՝ ամերիկահայերի սերունդներին, որոնց «ինքնամոռաց ակտիվիզմն ու հետևողականությունը այսօրվա քվեարկությանը հանգեցրած շարժիչ ուժը և ոգեշնչումն էին»:



 


Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործո ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:



 


Քվեարկությունի րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը», - գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. - «Այն շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:


Հազարավոր ամերիկահայեր տասնամյակներով են սպասել


«Սա մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներով են սպասել»,֊ քննարկմանը հայտարարեց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը: Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականը,որ ավելի քան տասը տարի է`փորձում էր Ներկայացուցիչների տան օրակարգ բերել այս հարցը, ելույթի ընթացքում չկարողացավ հուզմունքը զսպել. «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք`ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ, և չպետք է լռենք`օտար պետության վախից»,֊հայտարարեց նա, հավելելով. - «1915֊ը վերապրածների և նրանց սերունդների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ նշանակում է`աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից սրբապղծություն է, ինչպես Էլի Վիզելն էր ասել`կրկնակի սպանություն»:


Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը, ըստ էության, ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց: Հանրապետական Մայքլ Բերջեսը միայն հարց բարձրացրեց`ինչու է Ներկայացուցիչների տունը ժամանակ ծախսում մեկ դար առաջ տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ բանաձևի վրա, այն դեպքում, երբ տարեվերջին հաշվված օրեր են մնացել, և բազմաթիվ չլուծված հարցեր մնում են օդում կախված: «Անհասկանալի է`ինչու ենք մենք հրատապությամբ քննարկում օրենքի ուժ չունեցող այս բանաձևը»,֊տարակուսում էր Տեքսասից ընտրված կոնգրեսականը:


Վերջինիս կուսակից Գաս Բիլիրակիսի արձագանքը չուշացավ. «Ցեղասպանությունը`երբ և որտեղ էլ այն պատահի, չի կարող անտեսվել», - հայտարարեց հանրապետականը, ընդգծելով,֊«այսօր մենք վերջ ենք դնում հարյուրամյա լռությանը, որպեսզի զանգվածային կոտորածների և սպանությունների նկատմամբ միջազգային անտարբերության ևս մեկ շրջափուլ չսկսվի»:


«Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե ինչ է դա նշանակում»,-հավելեց Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող դեմոկրատների առաջնորդ Սթենի Հոյերը, արձանագրելով`հայերի հետ տեղի ունեցած ոճրագործությունից ավելի քան հարյուր տարի անց`այսօր էլ քրդերն են Սիրիայի հյուսիսում հարկադրված թողնում սեփական բնակավայրերը`թուրքական հարձակումից պաշտպանվելու համար:


Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են


«Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլևս ավարտվել են»,֊ իր հերթին փաստեց դեմոկրատ Բրեդ Շերմանը, արձանագրելով` Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց Ցեղասպանությունը, սակայն շատերն էին հորդորում խուսափել այդ քայլից`Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելու համար:


«Մեր զորքը ետ քաշվեց Սիրիայից, մենք լքեցինք այդ տարածքը թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունը»,-հայտարարեց Շերմանը, ով բանաձևի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլև`Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պրն. Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի»,֊գրել էր Շերմանը:


Թուրքիայի քաղաքականությունը դատապարտելուց բացի կոնգրեսականները նաև սեփական կառավարությանն էին դիմում` կոչ անելով հետևել իրենց օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ամեն տարի մենք հավաքվում ենք `սգալու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր, սակայն, մենք կարող ենք ուժ և համարձակություն գտնել`դատապարտելու ատելությունը, բռնությունը, անհանդուրժողականությունը , այսօր մենք կարող ենք հավատով, հույսով ու խաղաղությամբ լի ապագա կառուցել մարդկության համար: Չէ որ հենց այդ ենք մենք`ամերիկացիներս»,֊հայտարարեց Ներկայացուցիչների տան խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:


«Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1.5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,֊պնդեց հայկական հանձնախմբի համանախագահ, բանաձևի համահեղինակ Ֆրանկ Փալոնը, ընդունելով`փաստաթուղթը չի կարող մեղմել այն սարսափը,որ ապրել են ցեղասպանության ականատեսները, չի կարող մոռացնել այն ցավը, որ կրում են նրանց սերունդները, բայց կարող է հավատ ներշնչել ապագայի հանդեպ:


«Միացյալ Նահանգները մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, և պետք է անի ամեն հնարավորը՝ կանխելու և դադարեցնելու վայրագությունները»,֊հայտարարեց նա:


Թուրք-ամերիկյան հարաբերությունները կսրվե՞ն


Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք-ամերիկյան`առանց այդ էլ լարված հարաբերությունները:


Տարիներ առաջ` 2007-ին և 2010-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձևեր, Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից: Փաստաթղթերը քննարկվել էին միայն կոնգրեսական հանձնաժողովներում և այդպես էլ չէին հասել լիագումար նիստի օրակարգ:


Այսօր քվեների 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը օրենքի պարտադիր ուժ չունի: Նախաձեռնության հեղինակները, սակայն, վստահ են, որ այն խորհրդանշական ուղերձ է Թուրքային` մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությունը դատապարտելու և Անկարային պատասխանատվության կանչելու համար:


Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ`1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը: