Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում:
«Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր վիշտը այլ խորհրդարանների թեման է դարձել, քան որ իմ երկիրը (Թուրքիան-խմբ.) արդեն 105 տարի է ժխտում է հայ ժողովրդի մեծ եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես»:
Եղեռնից ավելի քան մեկ դար անց՝ այսօր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: