Ռուսական եկեղեցին հստակեցրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է: Այս մասին ասված է Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովի մեկնաբանությունում:
Հայր Ալեքսանդրը հայկական ԶԼՄ-ներին տված մեկնաբանությունում՝ պատրիարք Կիրիլի ««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ կապված նշել է, որ Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է. "Մենք մշտապես բաց, հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում":
Նրա խոսքով, պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այս համատեքստում Վեհափառ Հայրապետը որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջաններ են եղել, երբ մտցված կարգուկանոնն ապահովել է հարաբերական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում:
«Մշտապես նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացման: Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում »,-նշված է հայտարարությունում:
Մեր դիրքորոշման վառ ապացույցն է Ռուս Ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար:
Իր հարցազրույցում պատրիարք Կիրիլը մասնավորապես նշել էր, որ քրիստոնյաների ու մահմեդականների հարաբերությունները երբեք անամպ չեն եղել, եղել բռնի իսլամականացման և քրիստոնյաների հողերի զավթման դեպքեր:
«Սակայն եթե հաշվի չառնենք ռազմական գործողությունները, որոնք միշտ էլ ուղեկցվել են երկկողմ կորուստներով, իսլամական աշխարհում երբևէ նման իրադարձություններ չեն եղել, որոնք այժմ առկա են Մերձավոր Արևելքում: Օրինակ՝ Օսմանյան կայսրությունը: Վերցնենք, որպես օրինակ, թուրքական, Օսմանյան կայսրությունոը, այո, այնտեղ եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց չեն ոչնչացրել»,-հայտարարել է նա: