23.11.2024
Ռուսական եկեղեցին հստակեցրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սպասվում է Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան պայքար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կսկսվեն կառավարությունում կադրային փոփոխությունների եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ըստ էության, հենց սա նկատի ունենալով էր, երեւի թե, տարեվերջին Հովիկ Աբրահամյանն ազդարարել, որ կառավարությունում տեղի կունենա օպտիմալացում: Քանի որ իշխանության ներսում այսօր ընթանում է մի քանի խմբերի պայքար, եւ քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հարցում ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Սարգսյանի համար կարկանդակի թեկուզ մի փոքր փոքրացումը կարող է լուծել մարտավարական մեծ խնդիրներ, եւ փոխարենը բարդացնել Հովիկ Աբրահամյանի խնդիրները: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանն իրեն զգում է «ձիու վրա», նա փորձում է գնալ այդ օպտիմալացմանը: Այս տեսանկյունից սկզբունքային հաջողությունը նա իր համար արձանագրել է: Հաջորդ փուլով առաջանում է այն հարցը, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչպիսի իշխանական «կլաստերներ» են ձեւավորվելու:

Այսինքն՝ անցկացնելով օպտիմալացման գաղափարը՝ Սերժ Սարգսյանը դեռ պետք է փորձի դրա արդյունքում անցկացնել նաեւ իր համար ձեռնտու դասավորություն, ձեռնտու կառուցվածք, որտեղ ուժերի հարաբերակցությունը կլինի իր օգտին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի, որը նրա հիմնական մրցակիցն է: Առաջիկա քննարկումները, որոնք դե յուրե տեղի են ունենալու ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ շրջանակում, իրականում կլինեն պայքար Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան ֆորմատով: Դե ֆակտո հենց նրանց մրցամարտի դրսեւորումն են լինելու այդ քննարկումները, թե ով է առավել նպաստավոր դիրքի դուրս գալու 2017-ին ընդառաջ, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ունենա այն պատկերը, որը Սերժ Սարգսյանի ակնկալիքով պետք է որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը վերածի զուտ տեխնիկականի, իսկ Հովիկ Աբրահամյանի ակնկալիքով՝ Սերժ Սարգսյանին ժամանակից, այսինքն՝ 2018-ի ապրիլից շուտ, վերածի «անգլիական թագուհու»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկայում իշխանական համակարգում բաժանարար գծերը կսրվեն եւ, այսպես ասած, Սարգսյան-Աբրահամյան միջակայքում գտնվող իշխանական մեծ ու փոքր խմբերին հարկ կլինի գալ վերջնական ընտրության եւ կողմնորոշման, թե ի վերջո ում նժարն են ծանրացնելու»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին ու մարզպետներին։ Միայն հատուկենտ նախարարներ են հանգիստ, որ համոզված են՝ մնալու են իրենց պաշտոններին. Դավիթ Հարությունյան, Վաչե Գաբրիելյան։ Մյուսները սպասում են ամենաանսպասելիին։ Հատկապես վճռված է էկոնոմիկայի և մշակույթի նախարարների հարցը. նրանք կհեռանան։ Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սուրբ ծնունդը նշանավորել է աշխատակազմին ուղղված հաղորդումով։ Ղահրամանյանն անտրամադիր ու նյարդային տեսքով ներկայացել է մարզպետարան և հայտնել, որ «գնում է վաստակած հանգստի»»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։ Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու՝ նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարևանությամբ, Քասախի ձորի պռնկին և ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կարելի է սպասել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը մտադիր է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար ներկայումս բավականին գրավիչ այդ վայրը վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի, որը եկամուտներ կապահովի եկեղեցուն»: