23.11.2024
Մամուլի տեսություն. Սպասվում է Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան պայքար
prev Նախորդ նորություն

Խոզի գրիպից մահացածների թիվը հասավ 10-ի

Այսօր H1N1-ից՝ խոզի գրիպից մահացության դեպքերի թիվը արդեն հասավ 10-ի։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ Վոլոդյա Քամալյանն իրենց մոտ էր ընդունվել հունվարի 4-ին՝ ծանր վիճակում։ 60-ամյա տղամարդու մոտ միանգամից մի քանի հիվանդություն էր ախտորոշվել՝ երկկողմանի թոքաբորբ, շաքարային դիաբետ և խոզի գրիպ։

Մյուս հիվանդը՝ 41-ամյա Ռաֆիկ Վարդանյանը, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, պաշտոնական վերջին տվյալներով, 81 հիվանդ կա, 14-ին միացված է արհեստական շնչառության սարք։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի խոսքով, երեկվանից սուր շնչառական հիվանդությունների նվազման միտում է նկատվում։

«Կարևորը՝ որ մենք ինչ-որ տեղ մեր նպատակին հասանք, այն առումով, որ մեր հորդորներին ականջալուր եղավ բնակչությունը։ Հիմա դիմելիությունը զգալի մեծացել է, որի արդյունքում մենք ունենում ենք ծանր դեպքերի նվազումներ։ Էդ բոլոր ծանր դեպքերը, մահերը դրանք տասը և ավելի օր առաջ ընդունված հիվանդներն են, և բոլորը ընդունվել են ծանր վիճակում՝ ուշացած, բարդացած վիճակում», - ասաց Հայթայանը, հայտնում է Ազատությունը:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բուժօգնության դիմել ժամանակին։ Հիվանդներից շատերը, սակայն, խուսափում են հետևել այս հորդորներին։

«Ազատության» հետ զրույցում ծնողները նշում էին, որ հիվանդանոցներում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է։

Յոթ ամսական փոքրիկի հայրիկի խոսքով, երեխային հիվանդանոց տարել են այլ խնդրով, դուրս են գրվել գրիպով վարակված։ «Երեխայի մոտ խնդիր է եղել ստամոքսի հետ կապված, փսխումներ է ունեցել, խորհուրդ են տվել, որ պառկենք իրենց մոտ, որ ուրիշ վիրուս չկպնի, տանել-բերելու խնդիր չլինի, մենք պառկել ենք, որ բուժումը տեղում ստանանք, բայց տեղում հենց վիրուսն ենք վերցրել։ Դուրս ենք գրվել հիվանդանոցից գրիպոզ վիճակով, նորից հաջորդ օրը հետ ենք գնացել հիվանդանոց, պառկել ենք, որ գրիպոզ վիճակը բուժվի», - ասաց նա։