23.11.2024
Խոզի գրիպից մահացածների թիվը հասավ 10-ի
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Այդ մասին ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Այսօր արդեն Հայաստանում H1N1-ից՝ խոզի գրիպից մահացության դեպքերի թիվը արդեն հասավ 10-ի։

Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված հիվանդությունների ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ "Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը", - ասված է հաղորդագրությունում։

Այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում, նշում են գերատեսչությունից: "Ոմանք, այդ թվում` մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ` թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին` մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության", - նշվում է հայտարարությունում։

Նախարարությունը չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին։ Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ "Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան", - նշում են առողջապահության նախարարությունից։

Նման իրավիճակներում անչափ կարևորվում է, ըստ գերատեսչության մասնագետների, ողջ հանրության համախմբվածությունն ու զսպվածությունը։ Նախարարությունը նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է տոնական օրերին բարձրացրել բնակչության զգոնությունը և իրականացրել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: "Միաժամանակ լրագրողներին մշտապես հորդորում ենք թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Ցավոք, մեր ոչ բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցներն են նման կերպ վարվում։

Կան դեպքեր, երբ տուրք տալով սենսացիոն լուրեր հրապարակելու գայթակղությանը, թեմային առնչվող նյութերը հրապարակվում են ահասարսուռ, խուճապ առաջացնող մեծադիր վերնագրերով։ Երբեմն նույնիսկ չճշտված ապատեղեկատվություն է հրապարակվում։ Նշենք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում սիսիանցի 2–ամյա տղան, ում միացված է արհեստական շնչառական սարք, բուժվում է «մենինգոէնցեֆալիտ» ախտորոշումով։ Քանի որ այս իրավիճակում գրիպի H1N1 ենթատեսակի լաբորատոր հետազոտություն իրականացվում է վերակենդանացման բաժանմունքներում բոլոր բուժվողների շրջանում, հետևաբար նմուշառում է կատարվել նաև նշված հիվանդից։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նրա մոտ H1N1 չի հայտնաբերվել:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողներին` թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ չստեղծել", - ասված է հայտարարությունում: