Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին, հրավիրել նրան հայրենիք
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլեւ այլ ժողովուրդների շրջանում եւ մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։
Արմեն Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար եւ պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։
«Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը։