Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում. Զոհրաբ Մնացականյան
26.10.2019
Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում: Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նման հայտարարություն Մնացականյանն արեց ի պատասխան հաղորդավար Սթիվըն Սակուրի այն հարցադրումներին, որ Հայաստանը վաղ թե ուշ պետք է կոնկրետ ընտրություն կատարի Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի, Արեւմուտքի կամ Ռուսաստանի միջեւ: Նախարարը տեւական ժամանակ դիվանագիտական ձեւակերպումներով փորձում էր հասկացնել, որ Հայաստանը չի կարող միանշանակ ընտրություն կատարել կամ հեռանալ Ռուսաստանի հետ անտանգային միջավայրից: Վերջում նա մի փոքր անկեղծացավ ու ասաց.
«Այո, եթե մենք մեզ թույլ տանք շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե մեզ անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնենք այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում: Դուք չեք երաշխավորում, որ եթե մենք հայտարարենք... Ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, արդյոք դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում տասը-տասնհինգ տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում»:
Նրա խոսքով, Հայաստանում որևէ մեկը չի պատրաստվում անել այնպիսի բան, որը կարող է վտանգել Արցախի եւ ՀՀ-ի անվտանգություն: «Մենք անվտանգության շատ բարձր զգացում ունեցող ազգ ենք, չենք պատրաստվում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են վտանգել մեր անվտանգությունը…», - ասում նախարարը:
Հաղորդավարի հացին՝ ուստի, մնալու եք Մոսկվայի կողքին, որովհետև Մոսկվան ձեր անվտանգության ամենամեծ երաշխավորն է, Մնացականյանը պատասխանում է. «Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է»:
Պատասխանին Սթիվըն Սակուրն արձագանքում է այլաբանությամբ. «Եթե կարող եմ այդպես ասել, դուք քայլում եք շատ նուրբ պարանի վրայով»: «Այո դժվար է, համաձայն եմ», - համաձայնում է նախարարը: