Ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն. վարչապետը՝ բյուջետային հատկացումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, աղետների ռիսկի կառավարման, տեխնիկական անվտանգության և հագեցվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները, արծարծվել են նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է՝ գերատեսչություններին պետական բյուջեից տրվող հատկացումները պետք է ծախսվեն նպատակային, և ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել, ինչպես նաև հանձնարարել հետևողական լինել կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։