23.11.2024
ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ
prev Նախորդ նորություն

Զարեհ Սինանյանը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Սինանյանն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին:


«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել»,- գրել է Սինանյանը:


Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,- նշել է Սինանյանը:



Հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա: