Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է, բայց եթե ասելիք ունի՝ թող խոսի. Անդրանիկ Քոչարյան
Նաիրի Հունանյանը իհարկե կարող է դիմել իրավական ընթացակարգով այս խնդրի լուծմանը, բայց նա 20 տարի ուշացել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր նկատմամբ նախաքննական մարմինը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցեր և հնարավորություն տրվեր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին:
«Իմ տպավորությամբ, Հունանյանն ու իր խմբի անդամները կարծես պատրաստ էին, բայց այնպիսի խոչընդոտներ առաջացան բացահայտման առումով... այն ժամանակ տարբեր շրջանակներ՝ քաղաքական և ոչ քաղաքական, իրենց վախերից ելնելով, ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենար, կա՛մ տեղի ունենար իրենց ուզած ձևաչափով: Նկատելի էր, որ այդպիսի վախեր ուներ այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը իր թիմով և Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ բացահայտումը տեղի չունենա»,- ասաց պատգամավորը:
Վերջում նա կրկնեց՝ Հունանյանը ուշացել է, բայց եթե նա ունի տեղեկատվությունը, որը էապես հնարավորություն կտա ՀՀ-ին վերջապես իմանալու, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին, ապա թող խոսի.
«Եթե Նաիրի Հունանյանը ասելիք ունի, թող հանդես գա ասելիքով»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գլխավոր կատարող, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը մեկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշում կկայացվի օրենքով նախատեսված կարգով՝ 80 օրյա ժամկետում։