Օդի տուրքի արտոնությունից բացի, այլ արտոնություն Ryanair-ին չի տրվել. Ավինյան
Օդի տուրքի արտոնությունից բացի, այլ արտոնություն Ryanair ընկերությանը պետության կողմից չի տրամադրվելլ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա շեշտեց՝ որևէ գումար հարկատուների հաշվին չի տրամադրվելու իռլանդական լոուքոսթերին, որն օրերս է մուտք գործել հայկական շուկա.
«Սահմանված օդի տուրքը սահմանել ենք բոլոր ընկերությունների համար, որոնք կսպասարկեն նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել նախորդ 12 ամիսների ընթացքում: Ոչ մի ուրիշ արտոնություն չի տրամադրվել»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ օդի տուրքի արտոնությունը սահմանված չէ կոնկրետ մեկ ընկերության համար, ինչը նշանակում է, որ Ryanair-ը չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել շուկայում:
«Այդ արտոնությունը այն ուղղության համար է, որը նոր դաշտ է ստեղծում, որ մրցակցությունը բարելավվի և նոր խաղացողներ մտնեն շուկա։ Միայն խոսվում էր Եվրամիության և Գյումրիի օդանավակայանի համատեղ ջանքերով հավելյալ աջակցության մասին, որը կրկին հարկատուները չեն վճարելու»,- ավելացրեց Տիգրան Ավինյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ի՞նչ շահույթ է ակնկալում լոուքոսթերը. «Ես բիզնես ծրագրի մանրամասներին ծանոթ չեմ, բայց նմանատիպ ընկերությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ դրանք կենտրոնանում են արդյունավետության վրա»։
Հիշեցնենք, ավիաընկերությունն ազդարարել է մի շարք եվրոպական ուղղություններով նոր չվերթեր բացելու մասին՝ տոմսի արժեքը 35 եվրոից սկսած: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը սակայն հայտարարեց, որ կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ, որ ամեն ուղևորի դիմաց պետբյուջեից կսուբսիդավորի 76 դոլարի չափով: