Թուրքիան շարունակում է իր ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Ունենալով այդ տարածաշրջանում գեոպոլիտիկ շահեր նա ընդլայնում է իր ազդեցության տարածքը զինված ուժերի միջոցով:
Անկարան, զգալով սեպարատիստական վտանգ իր երկրի համար, որը գալիս է Սիրիայի հյուսիսի քրդերից բուֆերային գոտի է ստեղծում, ինչպես նաև օգտագործում է տեղի թուրքմեններին պաշտպանելու պատրվակն ու մուտք է գործում սուվերեն երկրի՝ Սիրիայի տարածք:
Սիրիայում թուրքական ռազմական ագրեսիան պետք է դաս լինի նաև Հայաստանի համար, քանի որ Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն, իսկ վերջին տասնամյակները փակ է պահում հայ-թուրքական սահմանն ու ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին՝ մեկուսացնելով ՀՀ-ն տարածաշրջանային բոլոր նախագծերից:
Եթե որևէ մեկին թվում է, որ Թուրքիան չի կարող նույն խորությամբ ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի նկատմամբ, ապա նա չարաչար սխալվում է:
Անկարան կարող է օգտագործել ցանկացած պատրվակ՝ Նախիջևանից, հայ-թուրքական սահմանից ՀՀ-ի վրա ագրեսիա սկսելու համար: Զսպող միակ գործոնը, որ սիրիական սցենարը չի կրկնվում նաև Հայաստանի նկատմամբ հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական զորքերն են և ՀՀ-ՌԴ ռազմավարական, դաշնակցային կապերը: Թուրքիան չէր կարողանա խախտել թուրք-սիրիական սահմանը, եթե այն հսկեին ռուսական զորքերը, քանի որ այդ դեպքում ռուսական զորքերի վրա հարձակումը կնշանակեր պատերազմի հայտարարում միջուկային տերություն Ռուսաստանին:
ՀՀ-ում առկա մի շարք արևմտյան գրանտակեր կազմակերպություններ, այդ թվում Ջորջ Սորոսի հիմնադրամից սնուցվող, տարիներ շարունակ փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, տարբեր ակցիաներ են իրականացնում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ու անգամ հնչեցնում ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս բերելու գաղափարը, որը նշանակում է հայ ազգի ֆիզիկական ոչնչացում՝ ՀՀ այսօրվա տարածքի օկուպացիա արևմուտքից Թուրքիայի կողմից, իսկ արևելքից՝ Ադրբեջանի:
ԱՄՆ-ն, Արևմուտքը հանդես են գալիս միայն հայտարարություններով Անկարայի դեմ՝ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի ռմբակոծում թուրքական տարածքը քրդերին պաշտպանելու համար: Նույնը լինելու է, եթե հայ-թուրքական սահմանից հեռացվեն ռուսական զորքերը՝ աշխարհը չի պաշտպանելու ՀՀ-ին, բոլորը սահմանափակվելու են միայն կոշտ հայտարարություններով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն կիրականացնի իր վաղեմի գաղափարը՝ միավորումը Հայաստանի այսօրվա տարածքի օկուպացիայի շնորհիվ:
Բաքուն բազմաթիվ անգամ տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին՝ Երևանը, Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական տարածքներ»:
Քրդերի ճակատագրին չարժանանալու համար Հայաստանը պետք է շարունակի խորացնել ռազմա-քաղաքական կապերը ՌԴ-ի հետ, իսկ ՀՀ-ում արևմտյան տարբեր գրանտակեր, ռուսաֆոբ կազմակերպությունները պետք է հայտնվեն մարգինալ կարգավիճակում՝ նրանք չեն պաշտպանելու հայ-թուրքական սահմանը հարձակման դեպքում, փոխարենը նրանց անդամներն այդ պահին կհայտնվեն եվրոպական տարբեր երկրներում փախստականի կարգավիճակով: