25.11.2024
Պակիստանը պատրաստվում է JF-17 կործանիչներ արտահանել Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Պակիստան-Հնդկաստան proxy war Հարավային Կովկասում

Պակիստանը պատրաստվում է JF-17 կործանիչներ արտահանել 47 երկիր, այդ թվում՝ Ադրբեջան:Այս մասին հայտնել է պակիստանյան Daily Times-ը: Հրատարակությունը գրում է, որ պակիստանա-չինական համատեղ արտադրության կործանիչները նախատեսվում է վաճառել Ադրբեջանին, Մյանմային, Նիգերիային և Մալայզիային:


Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլիարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։


Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, թե՛ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:


Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:

Պակիստանը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում ու Կասպից ծովի տարածաշրջանում՝  Ադրբեջանն այդ առումով կդառնա Պակիստանի պլացդարմն այս տարածաշրջանում: Իսլամաբադը կարող է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային և այլ լոգիստիկ հզորությունները դեպի Արևմուտք իր արտահանումը խթանելու համար, իսկ Ադրբեջանի համար Պակիստանը 200 միլիոնանոց շուկա է, որտեղ կարող են տեղ գտնել ադրբեջանական տարբեր ապրանքատեսակներ:


Պանիսլամիզմի առումով Ադրբեջանն ու Պակիստանը դաշնակիցներ են՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան իսլամական առանցքի ստեղծումը նույնպես բխում է երկրների շահերից, որոնք կարող են կոալիցիայի ձևավորել ընդդեմ շիական Իրանի: Այդպիսի առանցքի ձևավորումը բխում է նաև ԱՄՆ-ի շահերից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը գտնվում է թուրքական ընդհանուր քաղաքականության ուղեծրում, իսկ Պակիստանը տարիներ շարունակ համարվել է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցը, որը աֆղանական պատերազմի տարիներին սերտ համագործակցել է ԱՄՆ-ի հետախուզության հետ՝ Աֆղանստանի տարածքում ԽՍՀՄ-ի դեմ proxy war-ի ժամանակ:


Այս առումով Հարավային Կովկասը նույնպես կարող է վերածվել գերտերությունների և տարածաշրջանային տերությունների proxy war-ի հարթակի, որտեղ մի կողմում են լինելու Հայաստանը, Իրանը, Հնդկաստանը, իսկ մյուս կողմում՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը:


Գեոպոլիտիկ ցանկացած կոնֆիգուրացիայի պայմաններում ՀՀ-ն պետք է շարժվի միայն իր ազգային-պետական շահերով՝ Պակիստանը չի ճանաչել Հայաստանը որպես պետություն, չունի դիվանագիտական կապեր ՀՀ-ի հետ ու ամեն ոլորտում աջակցում է Ադրբեջանին: Այս պարագայում Երևանը պետք է սերտացնի տնտեսական, ռազմա-քաղաքական կապերն Իսլամաբադի թիվ մեկ հակառակորդ Հնդկաստանի հետ:


Եթե Ադրբեջանը հենվելու է միջուկային տերություն Պակիստանի վրա, սերտացնելով այդ երկրի հետ կապերը տնտեսական, էներգետիկ, հետախուզական, ռազմական ոլորտներում, ապա ՀՀ-ն պարտավոր է սերտացնել կապերն ու դրանով պահել տարածաշրջանային բալանսը Հնդկաստանի հետ՝ բերելով հայկական տնտեսություն հնդկական ներդրումներ, բարձր տեխնոլոգիաներ, ինչպես նաև գտնի ռազմական համագործակցության ոլորտներ: