Այս օրերին միանգամից երկու նշանակում է տեղի ունեցել ՀՀ նահախագի աշխատակազմում: Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական է նշանակվել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական», - ասված է Սարգսյանի կարգադրության մեջ:
Աբրահամյանը նախկինում եղել է Ազգային նոր պահպանողական շարժման նախագահը: Նա եղել է նաեւ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավարը եւ «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը:
Այժմ նա Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ է:
Բայց սա միակ նշանակումը չէ: Ռուսական kommersant թերթի աղբյուրները հայտնում են, որ օրերս եւս մեկ նշանակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմում: Ըստ թերթի աղբյուրների, այս անգամ խոսքը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում ՌԴ-ում բնակվող, ազգությամբ հայ Գեորգի Ասատրյանի նշանակման մասին է: Այս մասին նախագահի պաշտոնական կայքում դեռեւս որեւէ տեղեկատվություն զետեղված չէ:
«Նա զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Արմեն Սարգսյանի միջեւ կապերի ամրապնդմամբ, ինչպես նաեւ երկու պետությունների նախագահների աշխատակազմերի կոնտակտների ակտիվացմամբ: Իր պարտավորություններն Ասատրյանը կատարելու է հասարակական հիմունքներով», - ասված է հրապարակման մեջ:
Մեր տեղեկություններով սակայն Գեորգի Ասատրյանը նշանակվել է ոչ թե նախագահի գլխավոր խորհրդական, այլ խորհրդատու:
Տեղեկատվությունը հաստատեցին նաեւ նախագահի աշխատակազմից: «Գեորգի Ասատրյանը հայտնի վերլուծաբան է՝ մասնագիտացած Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում: Ինչ վերաբերում է նրա նշանակման մասին ռուսականյան մամուլի «վերլուծությանը», այն թերթի մեկնաբանությունն է եւ չի համապատասխանում իրականությանը:
Գեորգի Ասատրյանը չի նշանակվել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական կամ հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական: Նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ իր մասնագիտական հարցերով, հասարակական հիմունքներով, որը չի հանդիսանում պետական պաշտոն, չի ենթադրում որևէ վարձատրություն, ինչպես նաև նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ», - ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, Աֆղանստանի ու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների հարցերով փորձագետ: