«Սկզբում այնքան էլ չէի հասկանում՝ ինչ է նշանակում մասնավոր կյանք։ Նորմալ էի համարում, որ իմ մասին իմանում են ամեն ինչ։ Երեխաներ ունենալուց հետո անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռության բերել։ Շատ բաներով սոցցանցերում կիսվելը կարող է վտանգավոր լինել։ Ամեն դեպքում՝ ես բաց եմ մնում: Դա իմ բրենդն է»,- Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:
«Շատ չեմ անհանգստանում սոցցանցերում թվերի, լայքերի համար։ Թվերի համար անհանգստանում եմ, երբ հարցը հասնում է բիզնեսին»,- հավելեց նա:
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, համաժողովին կիսվում է իր փորձով, ներկայացնում, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես նշեց Քարդաշյանը:
«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել: Ուրախ եմ, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,- ներկաների հետ իր ապրումները կիսեց Քարդաշյանը։
«Նոր ապրանք եմ ներկայացնում ամեն ամիս։ Ինչ վերաբերում է շուկայի ուսումնասիրությանը, պետք չէ շատ աջուձախ նայել, պետք է կենտրոնացած մնալ»,- կարծիք հայտնեց նա՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, ինքն ուսումնասիրում է իր ապրանքների վերաբերյալ 250 մլն հետեւորդների կարծիքները։
Այս պահին շարունակվում է պանելային քննարկումը, որին միացել է Ալեքսիս Օհանյանը: Նա նույնպես, ինչպես Քիմ Քարդաշյանը, բուռն ծափողջույնների արժանացավ, հատկապես՝ հավաքվածներին հայերենով ողջունելուց հետո։
ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Այդ առիթով Հայաստան են այցելել հայտնի հայեր, ինչպես Քիմ Քարդաշյանն է, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և ուրիշներ: