25.11.2024
Փալոնը շարունակելու է ակտիվ ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պատիժը չի ուշանա. Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա

VERELQ-ը ներկայացնում է հայկական մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։


Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։


Մանավանդ որ Փաշինյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իրեն հավատարիմ մարդու, իսկ Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։ Սակայն երեկ Սիմիդյանը բավականին կտրուկ է պատասխանել մեր լրագրողին․ «Նման բան գոյություն չունի, Ձեր տեղեկություններն աբսուրդ են»։


Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարին լրացած, 4 տարվա ՀՀ քաղաքացիություն եւ Հայաստանում մշտական բնակություն ունեցող ցանկացած ոք»:


«Իրատես» թերթը գրում է. «ԲՀԿ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը կարող է թանկ նստել այդ քաղաքական ուժի ղեկավարի վրա։


Կառավարության աղբյուրները փոխանցում են, որ առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա եւ հարմար պահի է սպասում, որ նրան ոչ միայն հեռացնի քաղաքականությունից (սա Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկն է), այլեւ բիզնեսները նշանառության տակ դնի։


Շուտով, ինչպես վստահեցնում են կառավարությունից, Գագիկ Ծառուկյանին կարող են այցելել ոչ միայն ՊԵԿ-ի (որոնց առնչությամբ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե իր բիզնեսները հա էլ ստուգում են), այլեւ ԱԱԾ-ի աշխատակիցները։


Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ էլ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, սակայն ինչպես երեւում է, նախորդները դրա համար չեն «պատժել» նրան, իսկ «նոր» Հայաստանում ամեն ինչ այլ է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:


«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարեւոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված եւ խոսել է շատ չոր ու կոշտ՝ դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրելով կատարյալ անգործության մեջ։


Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։


Նա հստակ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով մինչեւ տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են արվել այդ ընթացքում»:


Նույն թերթ գրում է. «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաև քաղաքացիներին հուզող այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:


Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը և Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան և հանրությանն այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ:


Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:


Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան-Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:


Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա:


Ստացվում է, որ արդեն մոտ 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն: Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։


Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք:


Բացատրենք: Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլևս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են:


Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն՝ ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով:


Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին»,-գրում է թերթը:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը:


Բայց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ երեկ հաստատեց: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից էր եւ հիմնավորում էր, թե այդ հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, ստացիոնար բուժվող գրեթե չկա:


Բայց պատգամավոր Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակառակը պնդեց՝ ասելով, որ տարեկան 3000 հիվանդ է ստացիոնար բուժվում, եւ այդ կենտրոնը միակն է երկրում: Չի կարելի մասնավորեցնել, հատկապես, եթե մասնավորեցման պայմանները վիճարկելի են:


Օրինակ՝ մատուցվող ծառայությունները պիտի պահպանվեին 3 տարի, բայց, ըստ Զեյնալյանի, երաշխիք չկար, որ դրանից հետո կենտրոնն այլ` շահութաբեր բիզնես չէր ծավալի: Բացի այդ, մեծ հարց է, թե ով էր ցանկանում մասնավորեցնել այդ կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց»: