Այն փաստարկները, որոնք «Իմ քայլը» ներկայացնում է որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմք, չափազանց թույլ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այդ դիմումը չի կարող լուծել ՍԴ խնդիրը, այն նույնիսկ չի կարող եւ չի լուծելու դատարանի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը․
«Առաջ քաշված նախաձեռնությունն ավելի շուտ ճգնաժամի խորացում է, երկրի վարչապետի, ԱԺ նախագահի հնչեցրած իրավական եւ քաղաքական գնահատականների ու դիրքորոշումների թուլացում, սնանկացում, արժեզրկում է։ Պետք է արձանագրենք, որ Դատարանը դուրս է եկել Սահմանադրության ուղեծրից, եւ դա պայմանավորված է ոչ միայն Հրայր Թովմասյանով, այլեւ Դատարանի մյուս անդամներով, ուստի իրավունք չունենք մեր մանդատն անարդյունավետ դարձնել եւ գնալ զարտուղի ճանապարհով»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Պատագամավորն ասաց, որ քանի որ այսօր Հրայր Թովմասյանի հարցն է օրակարգում, ինքը կներկայացնի այն հանցագործությունը, որը լիովին բավարար է Թովմասյանի էջը փակելու համար։ Բաբաջանյանը հայտարարեց, որ այսօր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառույան մեջ առ այն, որ 6-րդ գումարման պատգամավոր Հրայր Թովմասյանը ՀՀ ՍԴ անդամ ընտրվելու իրավունքը չծագած պայմաններում ընտրվել է ՍԴ դատարանի անդամ եւ պաշտոնավարել անհամատեղելիության պահանջներին հակառակ․
«Իրավական տեսանկյունից խճճված այս սխեման կիրառվել է մեկ նպատակով, որպեսզի ՍԴ անդամ նշանակվելու պահին նրա նկատմամբ տարածվել նախորդ Սահմանադրությունը, որպեսի կարողանար նոր Սահմանադրության արգելքը հաղթահարել։ Կիրառվել է նախապես մշակված հանցավոր սցենար, որը ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթման օպերացիա՝ ուզուրպացիա»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ սրան պետք է տրվի քրեաիրավական գնահատկան, որի համար ինքն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկաայացրել գլխավոր դատախազին։
Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը իջեցնել՝ հասցնելով անձի մակարդակին, նսեմացվում է հարցի լրջությունը, խորհրդարանի դերն ու առաքելությունը․
«ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամն արտահայտվում է անձով, բայց այն հաղթահարելու համար պետք է վեր հանենք երկրի բարձագույն դատական մարմին կոչվածի ընդդեմ Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի կայացրած որոշումները, հատկապես 2003 թվականից սկսած ընտրական վեճերի վերաբերյալ»։
Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եւ առանձին-առանձին այդ Դատարանի անդամների լյուստրացիա՝ բառի ուղիղ եւ փոխաբերական, նեղ ու լայն իմաստներով․
«Մենք պետք է անհապաղ ձեռնամուխ լինենք նոր դատարանի կազմավորմանը։ Ինչի արդյունքում ԱԺ-ն կընդունի հայտարարություն, իրավաքաղաքական գնահատական՝ հարցին, դրա լուծման վերաբերյալ դիրքորոշում, դրանից հետո ԱԺ-ն ուղերձով կդիմի սահմանդրական մարմիններին՝ թեկնածու առաջադրելու հորդորով»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է անել հնարավորինս շտապ, քանի որ ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։