Դոլարի` որպես զենքի կիրառումը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության. Ռոհանին՝ ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն է համարում։ Այս մասին նա հայտարարեց այսօր նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։
«Աշխարհի բոլոր երկրներն իրենց միջազգային պարտավորությունների ու լիազորությունների շրջանակում պարտավոր են դեմ գնալ միակողմանիությանն ու հանդես գալ ի շահ խաղաղության, կայունության։ Որոշ երկրների, այդ թվում` ԻԻՀ–ի հակադրումը ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի գործողություններին հանգեցրեց կոպիտ ու անմարդկային սանկցիաների կիրառմանը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ը շատ երկրների է հետապնդում, որոնց թվում են անգամ Ռուսաստանն ու իր մի շարք գործընկերները` ոտնահարելով միջազգային պարտավորություններն ու երկկողմ համաձայնությունները»,- ասաց Ռոհանին։
Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի ստիպողական քաղաքականությունն ու դոլարի` որպես զենքի կիրառումն աշխարհում կհանգեցնեն տնտեսական ահաբեկչության, որը հիմնականում ուղղված է շարքային քաղաքացիների կյանքի դեմ։
«Վախի ու լարումի նման միջավայրում մեզ անհրաժեշտ է ունենալ բազմակողմանի տարածաշրջանային տնտեսական, քաղաքական համագործակցություն` միջազգային բազմակողմ համակարգին զուգահեռ։ Այս կերպ տնտեսական, կոմերցիոն ու քաղաքական համագործակցությունը, այնպիսի միությունների ձեւով, ինչպիսին է ԵԱՏՄ-ն, հանդիսանում են տարածաշրջանային տնտեսական, քաղաքական փոխգործակցության ու կայունության կարևոր գործիքներ»,- ասաց Ռոհանին։
ԻԻՀ նախագահը նշեց, որ իրենց երկրի քաղաքականության կարեւոր ուղղությունը Պարսից ծոցում անվտանգ նավագնացության ու ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումն է։ Իսկ Իրանի աշխարհագրական դիրքն ու բազմաթիվ նավահանգիստները, Ռոհանիի խոսքով, թույլ են տալիս տարանցում ապահովել Եվրոպայի ու Ասիայի, ինչպես նաեւ աշխարհի 4 կողմերում գտնվող միավորների միջեւ։
Ռոհանին ԵԱՏՄ անդամ գործընկերներին խոստացավ Իրանի տարածքով տարանցումներ իրականացնելիս լայն արտոնություններ ու հնարավորություններ տրամադրել։