Հայաստանում պետք է վերանա մարզպետների ինստիտուտը. «Լուսավոր Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հայաստանում պետք է վերանա մարզպետների ինստիտուտը:
ԱԺ-ում ընթացող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի փաթեթի քննարկման ժամանակ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ մարզպետի ինստիտուտը, որպես միջնորդ օղակ, միշտ մահակ է եղել համայնքապետերի գլխին։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում եղել է ՀՀ նախագահի հրամանագիր, որով ամրագրվել են մարզպետների լիազորությունները, սակայն դա չի խանգարել նրանց դառնալ քաղաքական մահակ համայնքապետերի գլխին. «Ես կարծում եմ, որ այս նախագծի ընդունումը ուշացած է»,-ասաց նա:
Սամսոնյանի խոսքով, նախագահի հրամանագիրն ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2018 թվականի ապրիլի 4-ին և մինչ այժմ մարզպետների գործողությունները կարող են համարվել ապօրինի, քանի որ նրանց գործառույթներն ամրագրված չեն եղել և այս ուշացումով կառավարությունը ստեղծել է իրավական անվտանգության խնդիր ՀՀ-ում: