24.11.2024
Հայաստանում պետք է վերանա մարզպետների ինստիտուտը. «Լուսավոր Հայաստան»
prev Նախորդ նորություն

Հայաստանը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:


Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը:


«Ցանկանում եմ նախ օգտվելով առթից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս քվեարկել է Ձեր օգտին: Պարոն նախագահ, Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ղազախստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ: Ուրախ եմ, որ վերջին շրջանում փոխգործակցությունն այդ ուղղությամբ ընդլայնվում է, սակայն առկա է մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է հետևողական քայլեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Եվրասիական տնտեսական միությունը ևս այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ է տալիս, որոնք պետք է օգտագործել:


Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ավելացրել. «Հայ ժողովրդի աչքերում տեսնում եմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Ուրախ եմ, որ Երևանը շարունակում է զարգանալ, այն իմ տեսած քաղաքներից ամենագեղեցիկներից մեկն է: Ղազախ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ, և մեր երկրի մոտ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ցանկությունը շատ մեծ է»: Կասիմ Ժոմարտ Տոկաևը ևս կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը և այդ համատեքստում համաձայնել վարչապետ Փաշինյանի հետ, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:


Նիկոլ Փաշինյանը և Կասիմ Ժոմարտ Տոկաևը քննարկել են էներգակիրների, գյուղատնտեսության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և հնարավորություններին վերաբերող հարցեր: Կողմերը փոխադարձ արտահանման և ներմուծման ծավալներն ավելացնելու առումով անդրադարձել են տրանսպորտային ենթակառուցվածքներին և առկա խնդիրների հաղթահարման հնարավորություններին:


Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, այդ թվում` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի և այլ հարթակներում:


Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:


Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը Կասիմ Ժոմարտ Տոկաևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է: