Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց. Փաշինյան
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր բացման խոսքում:
Վարչապետը նշեց, որ Հայաստանը, ելնելով աշխարհագրական իր առանձնահատկություններից, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել նոր շուկաների հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները և լոգիստիկան ապահովելու համար՝ մոտ ապագայում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անխուսափելի բարձրացման համատեքստում:
«Տրանսպորտի ոլորտում տարանցիկ ներուժը օգտագործելուց զատ մեր երկիրը կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան: Ես համոզված եմ, որ այս համաժողովի նման հարթակները, կարծիքների փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդեն համագործակցության ամրապնդմանը նաև ԵԱՏՄ սահմաններից դուրս»,- նշեց նա:
Վարչապետը շեշտեց նաև, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում առավելագույն ջանքեր են գործադրվել ինտեգրման դրական դինամիկայի հետագա ապահովման, ինչպես նաև այն խնդիրների լուծման համար, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ երկրներում տնտեսական աճի համար: Այս կոնտեքստում առանցքային ոլորտներից մեկը Փաշինյանը համարեց եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան:
«Պատմականորեն Եվրասիա մայրցամաքը եղել է առևտրի, տնտեսական, մշակութային, հաղորդակցական գործընթացների խճանկար, որում քիչ կարևոր դեր չի խաղացել նաև Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հաղորդակցության կենտրոնում՝ Մետաքսի մեծ ճանապարհին գտնվող Հայաստանը: Այսօր էլ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը, այլ նաև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը»,- վստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը: