25.11.2024
Դժվար է գերագնահատել Ձեր անձնական դերը ՀՀ-ՌԴ հարաբերությունների խորացման հարցում. վարչապետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 24 ժամվա ընթացքում ձեւավորվել է գործող բանակին համարժեք եւս մեկ բանակ. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։



Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետեւել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը եւ զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։



Դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Զորավարժությունների հարգելի մասնակիցներ,


Պաշտպանության մեծարգո նախարար,


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների մեծարգո նախարար,


Զինված ուժերի գլխավոր շտաբի մեծարգո պետ, հարգելի սպաներ, սիրելի զինվորներ,


Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Ի՞նչ գործնական նպատակ ունեն այս զորավարժությունները եւ ինչի՞ համար են անցկացվում: Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր Զինված ուժերի, այլեւ ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում եւ կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է գործող բանակին համարժեք եւս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն եւ վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին եւ զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:



Ըստ էության, այժմ մեծ ուրախությամբ արձանագրվում է, որ զորավարժությունների հայտարարումից, մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ: Եվ ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ արագ եւ օպերատիվ կերպով արձագանքել եւ ստանձնել են իրենց պարտքի կատարումը հայրենիքի առաջ: Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է եւ մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում:



Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք մասնակցություն են ունեցել եւ ունեն զորավարժությունների անցկացմանը: Մենք, ըստ էության, այս զորավարժություններով ստուգում ենք նաեւ, թե ինչ աստիճանի փոխգործակցություն գոյություն ունի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչքանով է հղկված, ինչքանով է մշակված:



Գիտեք, որ նախորդ տարի մենք իրականացրինք «Շանթ» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց արդյունքներն ամփոփելով մենք արեցինք որոշակի վերլուծություններ, որոշակի շտկումներ: Այս զորավարժությունները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ ունենք, ինչը նույնպես մեզ վստահություն է տալիս մեր երկրի պաշտպանունակության առումով:


Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենալու մարտավարական պարապմունքներ, տեղի են ունենալու կրակային եւ տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում եւ այդպես շարունակ: Եվ ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ զորավարժությունների մասնակիցներին տեսնում եմ բարձր մարտական տրամադրությամբ, տեսնում եմ դուխով եւ նվիրված հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ նաեւ ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու եւ նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ եւ բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի եւ վճռականության ոգին տարածելով նաեւ քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարեւոր է մեր երկրի համար:


 


Զորավարժությունների սիրելի մասնակիցներ, պարոնայք սպաներ, գեներալներ, կառավարության հարգելի անդամներ, եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիս շնորհավորել այս մասշտաբային միջոցառման կապակցությամբ եւ արձանագրել, որ մեր երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը, ցույց է տալիս իր կենսունակությունը եւ ցույց է տալիս պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության եւ վստահության բացառիկ բարձր աստիճան, ինչը մի երեւույթ է, որի համար մենք իսկապես պետք է միմյանց շնորհավորենք: Ձեզ մաղթում եմ, որ ձեր բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները: Շնորհակալ եմ»:


Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության եւ Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին եւ մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։



Այնուհետեւ վարչապետը Սուրեն Պապիկյանի եւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:



Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաեւ Սուրբ Հովհաննես եկեղեցի: