ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է Քննչական կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը, ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալները:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված համագործակցությունը, որի շնորհիվ կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր՝ նպաստելով մինչդատական վարույթի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։
«Քննչական կոմիտեն իր գործունեության հինգ տարիների ընթացքում զգացել է ԱՄՆ դեսպանատան գործընկերային աջակցությունը՝ Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման արդյունավետությանը նպաստող նոր կառուցակարգերի ներդրման գործում»,- նշել է Գրիգորյանը։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա բարձր է գնահատել Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը:
Կողմերն անդրադարձել են Քննչական կոմիտեում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին, մտքեր փոխանակել՝ համագործակցությունը զարգացնելուն միտված նոր ուղղությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ: