Դրական եզրակացություն է տրվել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծին
Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծն արդեն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, ընդունվելու դեպքում այն կուղարկվի ՍԴ:
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել է, որ կա կա առերևույթ կասկած, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել:
Պատգամավորը հիշեցրել է, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ` նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից:
Գրիգորյանը նաև ասել է, որ այս նախագծով չեն քննակելու վիճելի դարձած այն հարցը, թե արդյոք ՍԴ անդամը ՍԴ դատավոր է, թե ոչ: Նրա խոսքով՝ այս նախագծում ՍԴ դատավորը համարժեք է ՍԴ անդամ արտահայտությանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն հայտնել է, որ կողմ են քվեակելու ԱԺ որոշման նախագծին: ԲՀԿ-ն վերջնական դիրքորոշում կարտահայտի լիագումար նիստերի ժամանակ:
Սեպտեմբերի 19-ին «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար որպես հիմք էր նշվում էական կարգապահական խախտում կատարելը: