Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել. Կարմիր խաչ
Ադրբեջանցի զինծառայողի դին երեկ` սեպտեմբերի 23-ին, դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել։ Այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Երեկ կողմերի դիմումի ու համաձայնության հիման վրա՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցել է՝ որպես միջնորդ, անձի մարմինը դուրս բերելու գործողությանը»,- ասաց Ամատունին։
Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կողմը երեկ դիմել էր ԿԽՄԿ-ին՝ դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։