24.11.2024
Իշխանությունը թիրախավորե՞լ է Գագիկ Ծառուկյանին. Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիքի է
prev Նախորդ նորություն

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխատանքային այցը սկսվել է Լոս Անջելես քաղաքում նախատեսված օրակարգից։


Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։


Ողջունելով ՍԴՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Սարաֆյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու ու նաև մեր ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Իհարկե, այս այցը, որքան էլ փորձում ենք գործնականացնել, ավելի շատ էմոցիոնալ է ստացվում, քան թե գործնական։ Դա, համենայն դեպս, վատ չէ, որովհետև ավելի լավ ֆոն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի հետ կապված օրակարգի շատ հարցեր շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար։ Շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, և հույս ունեմ, որ հետագայում էլ մեր շփումները, քննարկումները կլինեն նույնպիսին»։


ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անունից ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։


«Հարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ հայրենիքում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, իրավական փոփոխությունների գործընթացում։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ կկարողանանք հաջողությամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», - նշել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը։


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր։


Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղություններով գնալով ավելի լավատեսական են դառնում, առկա է լավ դինամիկա, միջազգային հանրության արձագանքը ևս նպաստում է այդ ընթացքին։ «Այս փուլում կարևորում եմ Սփյուռքի հետ հաղորդակցության ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփյուռքում օտարվածության, կտրվածության որևէ զգացում չպետք է լինի, Սփյուռքը լիարժեքորեն պետք է ներգրավված լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում։ Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփյուռքի հայ համայնքների հնարավորինս լայն շրջանակների հետ։ Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը։


 


Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։


Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ լավ առիթ է՝ Լոս Անջելեսում հանդիպել, քննարկել։ Իհարկե, այսօր մենք հանդիպելու, քննարկելու մի քանի առիթներ կունենանք։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կազմակերպության դերն ընդհանրապես հայապահպանման գործում՝ Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքից դուրս։


Մեր մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նույնպես այդ շեշտադրումն անում ենք: Մեր կառավարության կարևորագույն խնդիրներից է՝ այն դրական ֆոնը, որն առկա է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև, ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև դա դարձնել մշտական և ավանդույթ Հայաստանի բոլոր կառավարությունների համար: Այսօրվա մեր իրավիճակում մեր խնդիրն է գեներացնել, կրկնապատկել, եռապատկել հաջողությունները և դա ազգային, համազգային արդյունքի վերածել: Դրա համար շատ կարևոր է Սփյուռքի հետ հարաբերություններում ճիշտ մթնոլորտ կառուցելը, ճիշտ աշխատանքային մեխանիզմներ ստեղծելը, և, ամենակարևորը, անել այնպես, որ ամբողջ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի Հանրապետության լիարժեք շահառու։ Սա մեր խնդիրն է, որը մենք հույս ունենք լուծել ինչպես ձեր, այնպես էլ Սփյուռքի մեր մյուս կառույցների և կուսակցությունների մասնակցությամբ»։


Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ատենապետ Րաֆֆի Բալյանը ողջունել է Հայաստանի վարչապետին՝ նշելով. «Մեծարգո պարոն վարչապետ, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանի ղեկավարության անունից ցանկանում ենք Ձեզ բարի գալուստ մաղթել Լոս Անջելես քաղաք և շնորհավորել Անկախության տոնի 28-րդ տարեդարձի առթիվ։ Մենք շնորհակալ ենք այս առիթի համար։ Մեր կուսակցությունը, որ հարյուրամյա հայ ավանդական կուսակցություն է, իր գործունեությունն իրականացնում է Արևմտյան Ամերիկայի տարածքում՝ հատկապես Ֆրեզնո և Լոս Անջելես քաղաքներում։ Այդ հայրենանվեր գործունեությունը շարունակում ենք նաև այսօր, և մենք միշտ զորավիգ ենք մայր հայրենիքին»։ Կուսակցության ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի առաջընթացին և բարգավաճմանը։


Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Հայաստանի զարգացմանը, իրականացվող գործընթացներում Սփյուռքի լիարժեք ներգրավմանը վերաբերող հարցեր։