ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասված է Վանեցյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է Facebook սոցիալական ցանցում ԱԱԾ-ի պաշտոնական էջում: Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնից ազատելու միջնորդագիր ստորագրելու մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,
Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ», - ասված է հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսում է իր որոշման հիմնավորված լինելու մասին՝ նշելով. «Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»: Սակայն ԱԱԾ պետը, որը համաձայն տարբեր սոցհարցումների արդյունքների, հանրության շրջանում իր հեղինակությամբ այժմ չորրորդ տեղում է, չի պարզաբանում տվյալ միտքը:
Միեւնույն ժամանակ պետք է հիշեցնել, որ մամուլը տեւական ժամանակ է գրում է Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու նպատակների մասին: