ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լեւոն Բաղդասարյանը պահանջում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պատասխանատվության ենթարկել։
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ 2 ամիս առաջ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ինչից հետո Գրիգորյանին տեղափոխել են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հանձնարարված բժիշկների մոտ հետազոտություն անցնելու:
«Նրանք բարձրաձայնեցին, որ ուղղակի համեմատական են անցկացնում մեկ տարի առաջ միջգերատեսչական մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի, հետո 6 ամիս հանձնաժողովի արդյունքների հետ, համադրելուց հետո ստացվեց, որ հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում։ Այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ եւս 2-3 փորձագետ պետք է ներգրավվի եւս 2-3 շաբաթ։ Այս պահին առողջապահության նախարարը մատը մատին չի խփում։ Եվ վերջինս իր անգործությամբ ուղղակի հնարավորություն չի տալիս, որ այդ հանձնաժողովը աշխատի եւ գործունեությունն ավարտի։ Սա մի դատական գործ է, որտեղ երեւում է առողջապահության նախարարի անգործությունը, որը չի էլ թաքցվում»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ Մանվել Գրիգորյանի գործով դատը այս ամենի արդյունքում ձգձգվում է։
Նա նշեց, որ պաշտպանական կողմն արդեն երեք գրություն է ուղարկել առողջապահության նախարարին, որ եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա, ապա դա գտնվում է առողջապահության նախարարի տիրույթում և դրա կրողն ուղղակի համարվելու է ՀՀ կառավարությունը.
«Պաշտպանական կողմը, թողնելով իր պաշտպանական գործունեությունն իրականացնելը, ընկել բարձրաձայնում է, որ կառավարության համապատասխան օղակը Գրիգորյանի գործով բացարձակ ոչ մի գործողություն չի կատարում։ Դա հանցավոր անտարբերություն է։ Այս երկրում չպետք է ընտրովի լինի՝ ո՞ւմ բուժեն, իսկ ում՝ ոչ»,- հայտարարեց նա։
Եզրափակելով իր խոսքը Բաղդասարյանը կրկնեց՝ շաբաթներ շարունակ Արսեն Թորոսյանը հրաման չի տալիս, որ ձեւավորվի համապատասխան բժշկական որոշակի խումբ, որը իրականացնեն գործողություններ:
Նշենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։