Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից առաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն հայտարարեց, որ վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի միջև հանդիպում կլինի, այդ հարցը օրակարգում է, սակայն հանդիպման ժամկետի մասին դժվարացավ հստակ տեղեկություն հաղորդել:
Փաշինյանի ամերիկյան այցն ունի առաջին հերթին PR նպատակներ՝ ցույց տալու, որ նա հանդիպում է գերտերությունների ղեկավարների հետ, ինչպես դա եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
ՌԴ նախագահի հետ հանդիպումը տրամաբանական է, քանի որ ՌԴ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, երկրներն անդամակցում են ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան, իսկ ՀՀ-ի համար ՌԴ-ն կարևորագույն առևտրային գործընկեր է:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա ՀՀ-ն Վաշինգտոնի համար ռուսական ազդեցության գոտում գտնվող երկիր է, որտեղ ուժեղ է ռուսական քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցությունը: ԱՄՆ-ի համար ՀՀ-ն կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն մեկ՝ գեոպոլիտիկ պարագայում, եթե մեր երկիրը վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի՝ դեմ գնա Մոսկվային ու արտաքին քաղաքական ուղենիշներում առաջնահերթություն հռչակի Արևմուտքի՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդումն ու ՆԱՏՕ-ի հետ նոր որակի հարաբերությունների հաստատումը:
Սակայն ԱՄՆ-ում հասկանում են, որ ՀՀ-ն ու Փաշինյանն այդպիսի 180 աստիճանով գեոպոլիտիկ շրջադարձ չեն կարող կատարել՝ դա հայկական պետականությանն անդառնալի կորուստների կհանգեցնի և այդ պատճառով, Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը ՀՀ վարչապետի PR-ի շրջանակներում կարելի է դիտարկել:
Ամերիկյան բազմամիլիարդանոց ներդրումներ ՀՀ-ի տնտեսության մեջ չեն գալիս և հավանաբար չեն գալու, իսկ Ամուլսարի հետ կապված խնդիրը, որտեղ մեծ են անգլո-ամերիկյան տնտեսական և քաղաքական շահերը, էլ ավելի են բարդացնում հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ամուլսարը շահագործվի, սակայն ՀՀ-ի հասարակության մեծ մասը դեմ է այդ հանքի շահագործմանն առաջին հերթին էկոլոգիական ռիսկերի պատճառով:
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում շատերը հույս ունեին, որ Արևմուտքն ուղղակի ողողելու է հայկական տնտեսությունը միլիարդավոր ներդրումներով, սակայն այդպես չեղավ: Ուկրաինան և Վրաստանն ամերիկյան օգնություն՝ ռազմական, ֆինանսական, ներդրումային ստացել են իրենց հակառուսականության համար՝ ՌԴ-ի դեմ պլացդարմ դառնալու ու իրենց արտաքին քաղաքականության մեջ դեպի ՆԱՏՕ ու ԱՄՆ շրջվելու դիմաց: Բայց ակնհայտ է, որ ՀՀ-ն այդպիսի շրջադարձ չի կատարելու և հետևաբար «չի վճարվելու» թավշյա հեղափոխության դիմաց:
ՀՀ-ն պետք է զերծ մնա ԱՄՆ-ՌԴ գեոպոլիտիկ դիմակայությունում թատերաբեմ դառնալուց և երբեք չկանգնի կա՛մ Մոսկվա, կա՛մ Վաշինգտոն ընտրության առջև: Հայաստանի համար կարևոր է օգտագործել առաջին հերթին ԵԱՏՄ-ի հնարավորությունները, հայկական սփյուռքի ներդրումային հնարավորություններն ու երկրի ներսում առկա և չօգտագործվող տնտեսական, ֆինանսական հնարավորությունները:
Այդ պարագայում ամերիկյան, եվրոպական ներդրումները գալու են առանց լրացուցիչ այցերի Վաշինգտոն կամ Բրյուսել: ՀՀ-ն պետք է դառնա տնտեսական, քաղաքական սուբյեկտ՝ այդ պարագայում նրա հետ հաշվի կնստեն թե՛ Հյուսիսում, թե՛ Արևմուտքում և Արևելքում: