24.11.2024
Վերադարձել է հայ խաղաղապահների հերթական զորախումբը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արդեն «թալանչիներից» խորհուրդ են հարցնում. հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Գործող իշխանության ներսում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն որոշ ներկայացուցիչներ հանդիպում են խնդրում նախկին «թալանչի, կոռումպացված» իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի մի խորհուրդ հարցնեն, հասկանան, թե ինչպես պետք է հարաբերվել դրսի գործընկերների հետ: Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ եւ տեղեկացել, թե նախկինում ինչն ինչպես է արվել, որպեսզի դրսերում հիմար վիճակի մեջ չհայտնվեն: ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին են զարմացել, թե որքան հեռու են այս իշխանության կադրերը իրական քաղաքականությունից եւ դիվանագիտությունից: Եվ որքան էլ ճգնեն, միեւնույն է, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունները մեկ վայրկյանում զրոյացնելու են ցանկացած հարաբերություն ու դիվանագիտություն, ինչի մասին ՀՀԿ-ականների մոտ նեղսրտել են անգամ իմքայլականները»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի եւ դրան այլընտրանք չկա, խմբակցության մի քանի անդամներ շարունակել են ընդդիմանալ այդ որոշմանը: Ըստ մեր աղբյուրի՝ հանքի շահագործմանը դեմ են հանդես եկել Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի: Մասնավորապես, խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը ևս պետք է լքեր խմբակցությունը: Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից: Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաև Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները գրեթե 7-8 ամիս ցանկություն էին հայտնել հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս մերժել էր նման հնարավորությունը:Հնարավոր է, որ անցած շաբաթ կայացած հանդիպումը հնարավոր է դարձել Ամուլսարի հանքի շահագործման որոշման շրջանակում, քանի որ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները հանքի շահագործման դեմ պայքարողների ավանգարդում են»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլեւ նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից։ Ըստ տեղեկությունների, Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը, եւ երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի դա մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում։ Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլեւ արարողակարգի պատասխանատուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում։ Ավելին, տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին. մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին: «Որեւէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեցվում է, արարողակարգը նախօրոք իմանում է, եւ փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Այլ բան է, որ որեւէ այցի ժամանակ վարչապետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհասարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, եւ գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,-ասաց Կարապետյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել): Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը: Սցենարը, ասում են, կզարգանա հետեւյալ կերպ. Երեւանի ավագանին երկու անգամ չի կարողանա քաղաքապետ ընտրել իր կազմից, որովհետեւ եղածների մեջ չկա տնտեսության կազմակերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշինյանն էլ այլեւս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պոլի փետ» թեկնածուին: Ելքը կլինի մեկը` քաղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետեւ Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երեւանի ավագանու ընդդիմադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն բավական երկար ժամանակ է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց. «Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»: Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, եւ վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով, այսպես ասած, ապրում են ՖԲ-ում, նաեւ համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։ Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։ Սակայն վերջինիս տեղը եռյակում ապահովվում է ծանր աշխատանքի շնորհիվ․ ողջ ոստիկանության համակարգը՝ ազգուտակերով, մերձավորներով, Ֆեյսբուքում զբաղված են ոստիկանությանն ու անձամբ ոստիկանապետին գովերգելով, բացասական «քոմենթներին» պատասխանելով եւ վարկանիշային հարցումներում քվեարկելով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Ավելին, Դավիթ Սանասարյանը, պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու եւ այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել: Ի վերջո, ո՞ւմ ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, եւ ի՞նչ է սպասվում դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, եւ ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը: Ի դեպ, նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է` սպառնալիքից ելնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործով որեւէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, եւ ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանում դեկտեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից երեք ամիս առաջ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի հրաժարականը, ըստ լուրերի, պարտադրվել է գործող իշխանությունների կողմից։ Ղալումյանին, ում նկատմամբ անցած շաբաթ քրեական գործ է հարուցվել, ուղիղ ասվել է` կա՛մ հրաժարական ես տալիս, կա՛մ գնում ես բանտ։ Բանն այն է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանությունը տեսնում է Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանին` «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի եղբորը։ «Վարդան Ղալումյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ իրեն ճնշել կամ պարտադրել հնարավոր չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։ Իսկապես՝ հրաժարականից մի քանի օր առաջ նախկին քաղաքապետը մտերիմներին ասել է, որ կրկին առաջադրելու է թեկնածությունը, հրաժարական չի տալու։ «Ես չեմ լսել, բայց ինքը դեռ չի մեկնաբանել իր հրաժարականը, գուցե սպասեք»։ Իսկ պարտադրելու, ճնշելու փորձեր եղե՞լ են։ «Մենք՝ ճնշե՞լ, մենք արյունակցական կապեր ունենք, ազգակցականներ ենք, ո՞նց կճնշեինք»։ Քաղաքականության մեջ, այն էլ՝ նոր Հայաստանում, արյունակցական կապեր կա՞ն։ «Կա։ Մեզ մոտ ավելի խիստ, ավելի ընդգծված ու ավելի շատ բաներից վեր է»։ Կարո՞ղ է այդ կապերի արդյունքում, օրինակ, «ջրվի» նրա դեմ մեղադրանքը, կամ աջակցեք, որ նորից քաղաքապետ դառնա։ Ղալումյանը նախ ասաց, որ նախկին քաղաքապետը նման որոշում չունի, ապա խմբագրեց իրեն. «Ես ուզում եմ արյունակցական ու բարեկամական կապերը թողնենք անցյալում, նոր Հայաստանում այդ կապերը քաղաքականության մեջ առաջ շարժվելու հարցում պետք է թողնել»։ Փաստորեն, «թողել» եք ու ասել՝ հեռացիր։ «Ոչինչ չեմ ասել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա ֆուտբոլային խաղում 4։2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի հայ երկրպագուներին մեծ բերկրանք է պատճառել․ համացանցում երկու օր է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի փառաբանումն է գնում։ Երկրպագուները կարծում են, որ ֆուտբոլում ԱԱԾ պետն ավելի մեծ հաջողությունների է հասել, քան ազգային անվտանգության հարցերում։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանը եւս մեկ «հաղթանակ» է գրանցել վերջերս՝ երկու արու զավակից հետո նրանց ընտանիքում շուտով դուստր է ծնվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետեւ չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գեւորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։ «Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գեւորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաեւ նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն եւ արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել»,- ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը: Բայց չէ՞ որ Գեւորգյանը ԺՊ է եւ նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։ Ընդ որում՝ եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ եւս աշխատում է։ Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, այն միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»: Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք` ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։ «Ո՛չ ռեկտորատի նիստում, ո՛չ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որեւէ բան հայտնի չէ։ Ես, ինչպեսեւ մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որեւէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է եւ վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետեւել Վանո Սիրադեղյանի օրինակին եւ «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից: ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարեւան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգեւոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն: Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»: