ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ։ Նախ նշեմ, որ այցը ֆորմալ առումով երկկողմ չէ։ Երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։ Այս մասին Facebook-յան իր էջում գրում է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Վարչապետի այցը աշխատանքային է՝ Լոս Անջելես, որտեղ վարչապետը հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ և Նյու Յորք, որտեղ վարչապետը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում։ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանն իր աշխատանքներն է սկսում սեպտեմբերի 17-ին իսկ "High level General Debates"-ը սեպտեմբերի 27-ից։ Վարչապետը Նյու Յորքում կլինի հավանաբար սեպտմեբերի 23-ի երեկոյան։
Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում արդեն իսկ նախատեսված է պաշտոնական ընդունելություն Իդնոնեզական Լաունջում և պաշտոնական ճաշ "North Delegates Lounge"-ում։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան նախատեսված է վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսասրահում։ Կարծում եմ նախատեսվում են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։
Վարչապետը նաև կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպվող ընդունելությանը։ Սա Թրամփի հետ շփման միակ հնարավորությունն է լինելու, այն էլ չափազանց բարդ։ Նախատեսվում է արարողակարգային ձեռքսեղմում և լուսանկարում», - ասված է նրա գրառման մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվացել է, սակայն հստակ չէր նշել, թե ինչու մինչեւ օրս չի կայանում հանդիպում երկրի առաջնորդների մակարդակում:
«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում մենք չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ում յուրահատուկ համակարգ է իր բարդ կառուցվածքով, իսկ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպումների հարցը օրակարգում է, կլինի, երբ կլինի»,- ասել էր Մնացականյանը:
Դիտարկմանը, թե չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սխալ են ասում»:
Հարցին, բանակցություններ գնո՞ւմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդ հարցը մշտական մեր օրակարգում է»: