VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ
Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ: Սակայն գործիչների մեծամասնությունը նրան մերժում կամ էլ, առնվազն, խուսափում է համաձայնություն տալ: Բոլորը հիմնականում մեկ հիմնավորում են բերում՝ վստահության պակասը: Այլ կերպ ասած՝ Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռեւս լուրջ արդյունք չեն տվել: Ուստի առավել հավանական է, որ Արա Աբրահամյանի միակ հույսն այդպես էլ կմնա ՕԵԿ նախագահ
Արթուր Բաղդասարյանի հետ միավորվելը: Իհարկե, այս մտադրության մասին կողմերը նախընտրում են լռել, քանի որ շատ լավ գիտակցում են, որ այդ դեպքում, Հայաստանում դժվար կլինի գոնե մեկ մարդու գտնել, որը Արա Աբրահամյանի հետ որեւէ հույս կապի: Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ, ի վերջո, նրանք միասին են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը։ Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ։ «Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե՛ ներքին շուկայում, թե՛ ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։ Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։ Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակաոաոման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ի «այո»-ի գծով դաշնակիցները փորձում են ստանալ այդ «այո»-ի համար ենթադրվող վճարը։ Սկզբունքը սկզբունք, բայց դե ամեն ինչ իր գինն ունի, և ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց։ ԲՀԿ-ն դա անում է բացահայտ, իսկ ՀՅԴ-ն չի ուզում խնդրել, ուզում է, որ իրեն համոզեն՝ այդ նպատակով արդեն սկսելով խոսել ընտրակեղծիքներից և ակնարկելով, որ պատրաստվում են հանրաքվեի ընթացքի և արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատական ներկայացնել»: