Իրանն ու Ռուսաստանը մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել Հորմուզի նեղուցում
Իրանն ու Ռուսաստանն առաջիկայում կարող են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Հնդկական օվկիանոսում՝ ներառյալ Հորմուզի նեղուցում: Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի ՌԾՈՒ հրամանատար Հոսեյն Խանզադին, գրում է «Կոմերսանտը»:
Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում իրանցի զինվորական պաշտոնյան նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու մասին պայմանագիր է ստորագրել: «Ակնկալվում է, որ ռուս-իրանական համատեղ զորավարժությունները կանցկացվեն առաջիկայում Հնդկական օվկիանոսում: Վարժանքներ կարող են անցկացվել նաև օվկիանոսի հյուսիսային հատվածում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում»,- ասել է Խանզադին՝ հավելելով, որ զորավարժությունները կարող են անցկացվել արդեն այս տարեվերջին:
Հոսեյն Խանզադին նաև նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցում են՝ Կասպից ծովում պաշտպանական ոլորտում փոխգործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ: Համատեղ վարժանքների անցկացման մասին հայտարարվել է Պարսից ծոցի գոտում աճող լարվածության ֆոնին: Պարսից ծոցից Օմանի ծոց երթուղով շարժվող բրիտանական նավը կանգնեցնելու՝ Իրանի փորձը լցանավային պատերազմի հերթական փուլը դարձավ:
Տարածաշրջանում այս լարվածությունն առաջացել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների ավելացման ֆոնին: