25.11.2024
Ամերիկացիները վստահ են, որ իշխանությունները ընտրությունները չեն պաշտպանի միջամտությունից
prev Նախորդ նորություն

Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:


Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայ կաթողիկե եկեղեցու թեմի գործունեությանն առնչվող հարցեր, Հայաստանի ու Սփյուռքի միջև համագործակցության խորացման հետագա հեռանկարներին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկային առնչվող հարցեր:


Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպում ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրեց մայիսին Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության անդրանիկ նիստի ու վերջերս ԱՄՆ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների այցերի արդյունքները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:


Դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպեց նաև Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների հետ: Վարուժան Ներսեսյանն ու Արմեն Բայբուրդյանն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության բարեփոխումների ծրագրի, տարբեր ոլորտներում Սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային և երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերին:


Լոս Անջելես կատարած իր այցի երկրորդ օրը դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ: ԱՄՆ Արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը դեսպանին ներկայացրեց իրենց կազմակերպության սերտ համագործակցությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, կրթական ծրագրերի միջոցով Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները: Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև քննարկեցին Հայ դատի հանձնախմբի ու ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:


Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ եկեղեցու դերի կարևորությանը հայ համայնքի կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` ազգային ինքնության պահպանման ու որակյալ կրթության ապահովման գործում: Դեսպանը խոսեց Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Կրոնական ազատության հարցերով երկրորդ նախարարական համաժողովի արդյունքների մասին, որին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի ու գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ` դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանին և արևմտյան շրջանի խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում:


Դեսպան Ներսեսյանը հանդիպեց նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, ներդրումների խթանումը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը նրանց ներկայացրեց Թավշյա հեղափոխության ձեռքբերումները, կառավարության բարեփոխումների օրակարգը, հատկապես տնտեսական ու դատական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և արտաքին քաղաքականության գերակայությունները:


Հուլիսի 26-ին դեսպան Ներսեսյանն ու գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպեցին Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան ափի Կիլիկիո թեմի առաջնորդ, Բարձրաշնորհ Տ․ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և հարևան երկրների հետ ՀՀ հարաբերություններին:


Նույն օրը դեսպան Ներսեսյանն ու դեսպան Բայբուրդյանը հանդիպեցին Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանի հետ: Վերապատվելի Ջամբազյանը նրանց ներկայացրեց միության բարեգործական ծրագրերը Հայաստանում:


Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի տնտեսական վիճակը, ներքաղաքական զարգացումները և մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: