Ամերիկացիները վստահ են, որ իշխանությունները ընտրությունները չեն պաշտպանի միջամտությունից
Հարցման ենթարկված ամերիկացիների կեսից ավելին կասկածում է, թե ԱՄՆ իշխանությունները կկարողանան կանխել այլ պետությունների ազդեցությունը նախագահական ընտրությունների վրա, որոնք տեղի կունենան 2020 թվականին։ Այս մասին են վկայում կիրակի հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է ABC հեռուստաալիքը Ipsos ծառայության հետ համատեղ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հարցման մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք կարծում են, որ ԱՄՆ իշխանությունները կարող են ապահովել արդյունավետ պաշտպանություն պետության ղեկավարի կայանալիք ընտրությունների ելքի վրա այլ պետությունների ազդեցությունից։ Հարցման մասնակիցների 45 տոկոսն ասել է, որ լիովին կամ մասամբ վստահ է, որ իշխանությունները կարող են կանխել նման միջամտությունը։ 54 տոկոսը կասկածներ է հայտնել, թե ընտրություններն ԱՄՆ-ում կհաջողվի պաշտպանել այլ երկրների միջամտությունից։ Մյուսները չեն պատասխանել։
Հետազոտության մասնակիցներին նաեւ հարցրել են այն մասին, թե տեղեկացված են արդյոք նրանք հուլիսի 24-ին նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթի մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու կոմիտեներում բազմաժամյա լսումների ժամանակ։ Մյուլլերը գրեթե երկու տարի հետաքննել է այն պնդումները, թե Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ 2016 թվականի նախագահահական ընտրություններին։
Հարցվողների մոտ 71 տոկոսն ասել է, որ կամ նայել է լսումները, կամ ինչ-որ բան լսել կամ կարդացել է դրանց մասին։ 29 տոկոսը խոստովանել է, որ ոչինչ չգիտի նախկին հատուկ դատախազի ելույթի մասին։ Հարցումն անցկացրել են ամբողջ երկրում հուլիսի 25-26-ին։ Դրան մասնակցել է 577 չափահաս քաղաքացի։