Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արձագանել է «Իրատես» թերթի հրապարակմանը։ Ներկայացնում ենք գրասենյակի տարածած հաղորդագրությունը.
«Այսօր լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել.
մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»։
«Իրատես»-ը գրել էր. «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։ Մեր տեղեկություններով, նրանց անընդհատ պարտադրում են կլորիկ գումարներ վճարել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստության պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առաջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գումարներ էին տալիս, որոշակի հարկային արտոնություն էին ստանում, իսկ այսօր նրանց պարտադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության»։