26.11.2024
102-րդ ռազմակայանը սառեցնում է «տաք գլուխներն» Անկարայում ու Բաքվում
prev Նախորդ նորություն

Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից:Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 4-ին հրամանագիր ստորագրեց իր նախորդին զրկելով քաղաքացիությունից, քանի որ նա Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել ու ներկա պահին Օդեսայի մարզի նահանգապետն է:

Սաակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» դատապարտել է այս որոշումը՝ հայտարարելով, որ դա արվել է Սահակաշվիլիին զրկելու համար գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Միխեիլ Սահակաշվիլին ևս արձագանքել է իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե Վրաստանի իշխանությունները վախենում են գալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունից: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում գտնվող Վրաստանի շատ քաղաքացիներ Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել, բայց նրանց դեմ այդպիսի քայլեր չեն կատարվել։

Հիշեցնեն, որ Սահակաշվիլիի նկատմամաբ Վրաստանում հայտարարված է հետախուզում, քանի որ նա մեղադրվում է մի քանի քրեական գործերով: Մասնավորապես նրան են վերագրում հետևյալ մեղադրանքները՝ պետական միջոցների մսխում և պաշտոնական դիրքի չարաշահում:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2016-ին և մոտավորապես մեկ ամիս առաջ ամերիկյան NDI հարցումները ցույց են տվել, որ նրա կուսակցության վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան իշխող քաղաքական ուժի՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ի վարկանիշը, հայտնում է Ազատությունը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գրասենյակը Սահակաշվիլիի քաղաքացիության դադարեցնելու որոշումը հիմնավորել է օրենքի պահանջով՝ Վրաստանում երկքաղաքացիություն չկա: Վրաստանի օրենսդրությամբ մեկ այլ երկրի քաղաքացիություն ստացած անձը զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Հենց այս հիմնավորումն է ներկայացված Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել այս տարվա մայիսին, երբ այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի մարզի նահանգապետ: Մինչ այդ Սաակաշվիլին Պորոշենկոյի գլխավոր խորհրդականն էր:

Վրաստանի արդարադատության նախարարությունը անցած հոկտեմբերին հայտնել էր, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց է սկսում, քանի որ Ուկրաինայից պաշտոնապես հաստատում են ստացել, որ նա իրոք ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել էր, թե նախարարությունը նոյեմբերի 3-ին Սաակաշվիլիին գրավոր տեղեկացրել է, որ նա կարող է կորցնել Վրաստանի քաղաքացիությունը, բայց վերջինս չի պատասխանել: Ծուլուկիանան ասել է, որ նախատեսված մեկամսյա ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 3-ին, արդարադատության նախարարությունը արդեն դիմել է Վրաստանի նախագահին՝ առաջարկելով դադարեցնել Սաակաշվիլիի քաղաքացիությունը:

Civil.ge կայքը նշում է, որ քաղաքացիությունից զրկվելով Սահակաշվիլին մնում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահը, սակայն ըստ կուսակցությունների մասին Վրաստանի օրենքի՝ կուսակցական գործունեությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն ընտրական իրավունք ունեցող Վրաստանի քաղաքացիները:

Քաղաքացիության հետ կապված խնդիրներ ուներ նաև Բիձինա Իվանիշվիլին, ով վերադառնալով Վրաստան՝ քաղաքական պայքարի մեջ մտավ, սակայն պարզվեց, որ նա Ֆրանսիայի քաղաքացիություն ունի ու այդ պատճառով զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից: Այն ժամանակ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին վերականգնեց Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը, երբ վերջինս հրաժարվեց ֆրանսիական անձնագրից, իսկ նրա հիմնադրած դաշինքը հաղթեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում:

Սաակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից մեկ տարի առաջ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինը: Նոր իշխանությունները սկսեցին նախկին նախագահին մեղադրել կեղծարարությունների, չարաշահումների, մահափորձեր կազմակերպելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Սաակաշվիլին հերքում է այդ բոլոր մեղադրանքները: