Հայաստանը բանակցում է ՌԴ հետ՝ նոր ատոմակայան կառուցելու հարցով. փոխվարչապետ
Հայաստանի իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ` հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու հարցումմասնակցություն ունենալու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք սյուների վրա` միջուկային էներգիա, ջերմային էներգիա եւ հիդրոէներգիա: Այս երեք աղբյուրներից գրեթե հավասար էլեկտրաէներգիայի արտադրություն ունենք: Չենք ցանկանում հրաժարվել միջուկային էներգիայից», - ասել է նա:
«Մենք կշարունակենք, եւ հիմա քննարկում ենք Մեծամորի ԱԷԿ-ի փակվելուց հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը», - շեշտել է ՀՀ փոխվարչապետը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ռուս գործընկերների հետ եւ արդեն քննարկում է այդ հարցը:
ՀԱԷԿ-ը, որը տարածաշրջանում միակն է, շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին: