25.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Կիրակնօրյա խորհրդակցություններ. ի՞նչ է քննարկվել կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցերին:


Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը: Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր պատճառներով (հողակտորների մասնատվածություն, ֆինանսական խնդիրներ, ոռոգման ջրի պակաս, ցածր եկամտաբերություն, գյուղտեխնիկայի բացակայություն և այլն), և բարեփոխման շրջանակում իրականացվելիք միջոցառումները միտված են լինելու գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը: Առաջարկվում է չօգտագործվող հողերի մշակման խնդիրը լուծել 2020-2022 թթ. ընթացքում փուլային տարբերակով՝ Հողային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների իրականացման, հողերի քարտեզագրման, ինստիտուցիոնալ, իրավական և ենթակառուցվածքային հնարավորությունների ու հարթակների ստեղծման, և չօգտագործման դեպքում պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ճանապարհով:


Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են հողային ռեֆորմի արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են որոշ առաջարկություններ:


Վարչապետը նշել է, որ հողային բարեփոխման ռազմավարական նպատակը բխում է տնտեսության զարգացման ռազմավարությունից, այն է՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն և ագրարային երկրից անցում արդյունաբերական երկրի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել բարեփոխման հայեցակարգը և պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ քննարկել հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսելու մանրամասները:


Նույն օրը քննարկվել է նաև «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղություններն ու ծրագրերը:


Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»:


««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը զեկուցել են մինչ օրս հիմնադրամի կողմից գործունեության տեսլականի մշակման և ներդրումային ծրագրերի փաթեթի ձեւավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի հնարավորությունները:


Խորհրդակցությանը քննարկվել են ֆոնդի գործունեության նպատակներին, գործառույթներին և ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ակտիվների կառավարման մոդելին, ֆոնդի և պետական գերատեսչությունների միջև համագործակցությանը, ներդրողների հետ աշխատանքի սկզբունքներին,ներդրողներին գործարար խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորմանը և այլ հարցերի:


Աշխատանքի ճիշտ կազմակերպման և արդյունավետության համատեքստում վարչապետ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է համատեղ համակարգված աշխատանքը՝ գործառույթների հստակեցման և կրկնությունների բացառման համար:


Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը, նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում: