VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի եւ ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների եւ մսի թանկացման: Խոզի եւ թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը եւս ներկրվում է Ռուսաստանից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ մեր աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները վերջին շրջանում ջերմացել են, այնքան էլ այդպես չէ։ IRI-ի ինքնին կասկածելի սոցհարցումից հետո պետական կայքերից մեկն իր ինֆորմացիան վերնագրել էր` «Հայաստանցիների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում նախագահի աշխատակազմի աշխատանքը»։ Կես ժամ հետո նյութի վերնագիրը փոխվեց․ «Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը»: Ի դեպ, «Օրրան» բարեգործական միության մեկ տարի առաջ հայտարարած մրցույթում տեղ էր գտել նաեւ «Ընթրիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ» նոմինացիան։ Շահել էր ամերիկահայ փաստաբան Գարո Մարդիրոսյանը, որի վճարած 10 հազար դոլարը պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ 3 օր առաջ տեղի է ունեցել այդ ընթրիքը, սակայն այդ մասին լրատվություն չի գնացել, քանի որ Արմեն Սարգսյանը չի ցանկացել «երեւալ», որ կառավարությունում «մարդ չվատանա»՝ պատմեց «Օրրանի» մեր աղբյուրը: «Նա աշխատում է սուպերփափուկ ռեժիմով. առաջիկայում պատրաստվում է մարզային այցերի, սակայն այդ մասին եւս դեռ «ձայն» չեն հանում։ Հուլիսի վերջին առաջին այցը կլինի դեպի Լոռի, այն կավարտվի Ահնիձոր գյուղում` Հրանտ Մաթեւոսյանի տան մատույցներում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ: Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարեւոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության եւ արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են եւ Հայաստանի համար որեւէ գործառնական նշանակություն չունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի գործուղումն ԱԺ պաշտպանության հանձնաժողով միայն ռոտացիայով չէ պայմանավորված։ Երեկ տեղեկացանք՝ որպեսզի Մկրտչյանը դառնա այդ հանձնաժողովի անդամ, որը նաեւ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում, այնտեղից «վտարել» են իմքայլական Արամ Խաչատրյանին։ Երեկ նա մեզ հայտնեց, որ կընդգրկվի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կազմում։ Մինչդեռ շաբաթներ առաջ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այդ ռոտացիան պայմանավորեց խմբակցությունում նոր պատգամավորի համալրմամբ. Նարինե Թուխիկյանի՝ փոխնախարար դառնալուց հետո Արթուր Հովհաննիսյանը մանդատ ստացավ եւ կընդգրկվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, իսկ Արեն Մկրտչյանը կտեղափոխվի պաշտպանության հանձնաժողով։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Արեն Մկրտչյանի տեղափոխման որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով կարծում է, որ Մկրտչյանն իր պոտենցիալով օգտակար կլինի ապրիլյան դեպքերի քննության ժամանակ, քանի որ նա դեռեւս վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդական աշխատելու ժամանակ հետաքննություն է կատարել ՊՆ-ի վերաբերյալ եւ մոտ 7 մլրդ դրամ վերադարձրել պետբյուջե։ Ուշագրավ է, որ Արամ Խաչատրյանը նախկին զինվորական է, 1999թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մինչեւ 2009թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ Մկրտչյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ-երկրաբան է, աշխատել է լրատվամիջոցներում՝ սպորտային մեկնաբան է եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում էին Սահմանադրական դատարանի խնդիրն արագ լուծել, ինչպես լուծեցին ԲԴԽ-ի խնդիրը` ցույցերի, ճնշման, հրաժարականների միջոցով, բայց քանի որ իրավաբանների համքարությունը, հանրության մի մասը դիմադրություն ցույց տվեցին եւ հասկացրին, որ ՍԴ-ի դեմ նույն գործընթացը կարող է գնահատվել որպես իշխանության յուրացման փորձ, բացի այդ` Սահմանադրության 213-րդ հոդվածը թույլ չի տալիս, իշխանությունները փոխեցին տակտիկան՝ փորձելով գտնել այլ կարգավորում։ Օրեր առաջ Արցախում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրինք` ի՞նչ եղավ անցումային արդարադատության մասին օրենքը, պատրա՞ստ է։ «Ոչ, հայեցակարգ ենք մշակում այդ առնչությամբ»: Իրավաբանները զարմացած են, որ չեք ուզում այդ օրենքների նախագծերն ուղարկել Վենետիկ` փորձաքննության, որովհետեւ մտավախություն ունեք, որ բացասական կարծիք կլսեք։ «Նախագծերը դեռ չկան, սակայն որտեղ անհրաժեշտ լինի, ուղարկելու ենք»: Բայց վեթինգի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Մակունցն ասել էր, որ նախագիծը պատրաստ է։ «Վեթինգի օրենքի նախագիծ այս պահին չկա, ըստ ամենայնի, հարցն այլ իրավակարգավորումներով կլուծվի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Մարթա Այվազյանը մինչեւ 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձությունները զբաղեցնում էր ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետի պաշտոնը եւ ԱԳՆ հինգ այլ աշխատակիցների հետ հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որովհետեւ ընդդիմացել էր ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանին, ով հրապարակայնորեն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրությունները կեղծելու եւ ժողովրդական ընդվզումը ճնշելուն ուղղված ոստիկանական միջոցները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռեւս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։ Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական առաքելությունը չի գոհացրել ԱԺ ղեկավարությանը։ Մեր տեղեկություններով՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա իմքայլական Գայանե Աբրահամյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի մեծ թափ են ստանում խոսակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնության հիմնական կանոնակարգումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրասենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաեւ միջազգային փորձագետների։ Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, եւ տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու։ «Անցումային» կոչված արդարադատության մասին իշխանությունների առաջ քաշած թեզը գոնե այս պահին աստիճանաբար դուրս է մնում, եւ նախատեսվում է այդ հարաբերությունները ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադրության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում։ Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեցնել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերարտադրվելու համար»: