25.11.2024
Երեւանում մեկնարկել են 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Սևանի «ծաղկած» ջուրը չխմել, անզգուշաբար կուլ չտալ, դրանում չլողալ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում:


ԱՆ-ից հայտնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։


Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։


Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`


չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ


արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,


վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:


«Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ»,- հայտնում են նախարարությունից։