25.11.2024
ԱԱԾ-ն կանխել է ակնաբուժական կլինիկաներից մեկի ղեկավարից խոշոր չափի գումար շորթելու փորձը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:


Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհա­յին պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդ­ների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրնե­րը կապող կարևոր կամուրջ:


Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունե­ցան Հայաստանում: Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռ­նար­կում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվա­ճում­ներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համա­կարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը:


Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրա­մադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժան­դա­կությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարե­փո­խում­ները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում:


Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դար­ձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբե­րու­թյունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարե­լա­գործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:


Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայու­նու­թյան և անվտանգության:


Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարե­կամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետա­գա առաջ­ըն­թաց և բարօրություն»: