Սահմանին Հայաստանի համար ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, եւ պետությունը այդ հարցում որեւէ պարտք չի կուտակում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահի խոսքով, այս պահին մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարիների համար սահմանին Հայաստանին մատակարարվող գազի գնի ձեւավորման մոտեցումների, որոշակի գնային մոդել ունենալու մասին։ «Կարող է լինեն բանաձեւեր, կարող է հաստատուն մեծություն լինի։ Հիմա փաստաթուղթը մշակվում է, երբ վերջնական որոշում կլինի, կներկայացվի քննարկման, կտեղեկացնենք»,- ասաց Բաղրամյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է գործընթացը այդքան ձգձգվում, Բաղրամյանը պատասխանեց, որ դրանք բանակցություններ են եւ որեւէ ձգձգում չկա. «Բանակցությունները իրականացվում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ, մասնակցում է Էներգետիկայի նախարարությունը ու «Գազպրոմ Արմենիա»-ն։ Եթե չեմ սխալվում ռուսական Գազպրոմից մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչեւ 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաեւ քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձեւավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք»,- ասաց Բաղրամյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների ավարտից հետո որեւէ բան փոխվի եւ գումարային տարբերությունը ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն վճարի, այլ այդ պարտավորությունը դրվի ժողովրդի վրա, Բաղրամյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ»։
Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերի վերջին Փաշինյանը հայտնեց, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր կազմում է 1000 խմ–ի դիմաց 290 դոլար։