Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ
Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում բազմաթիվ արտաքին գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման սպասումը: Այդ մասին ասված է Վրաստանի ազգային բանկի հայտարարության մեջ:
«Արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր ներքին ու արտաքին գործոններ, այդ թվում եւ սպասումները: Համապատասխանաբար, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի սպասվող կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը վերջին օրերին արտացոլվել է նաեւ արժութային շուկայում: Այս փուլում դժվար է կանխատեսումներ անել, սակայն, նախնական հաշվարկների համաձայն, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատումը մնացած ժամանակաշրջանում Վրաստանի տնտեսության վրա կազդի մոտավորապես 200 մլն դոլարից մինչեւ 300 մլն դոլարի չափով: Այս արտաքին շոկը կազդի վճարային հաշվեկշռի վրա եւ, համապատասխանաբար, փոխարժեքի վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ռուս պատգամավորի հայտնվելուց հետո Վրաստանում սկսված զանգվածային հակառուսական ցույցերի համատեքստում ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Բացի այդ, Պուտինը հորդորել է տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: