Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նվազեցնել շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:
«Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումների, մենք բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով ու սկսել է ապակայունացնել իրավիճակն առաջնագծում՝ այդ կերպ ցույց տալով Մինսկի խմբին, որ նրանք դժգոհ են բանակցությունների ընթացքից, քանի որ ակնկալում են արագ զիջումներ հայկական կողմերից՝ հատկապես շրջանների վերադարձման առումով:
Բաքուն բանակցություններում շեշտը դնում է երկու հանգամանքի վրա՝ 5-7 շրջանների վերադարձ, ադրբեջանցին փախստականների վերաբնակեցում այդ տարածքներում, ինչը կփոխի տարածաշրջանի էթնիկ-կրոնական դեմքը, կբարելավեի ադրբեջանական զինուժի դիրքերը՝ զրկելով Արցախին անվտանգության գոտուց, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցումը թողնել անորոշ ապագայի:
Բաքուն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ելնելով ցանկանում է կամ ամեն ինչ, կամ սպառնում պատերազմով: Ադրբեջանը շարունակում է ամրապնդել առաջնագիծը. գնում նոր զենքեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայից, միջուկային տերություն Պակիստանից և այլն:
Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ հասկանալով, որ հայկական կողմերը չեն գնալու միակողմանի տարածքային զիջումների՝կազմաքանդելով տարիներ շարունակ կառուցվող պաշտպանական համակարգը, որի բաղկացուցիչ մասերն են Արցախի շուրջ անվտանգության գոտին, որն Արցախում համարում են իրենց տարածքների մի մասը:
Ինչքան էլ Մինսկի խումբը փորձի իրավիճակը պահպանել հսկողության ներքո, Բաքուն կարող է ցանկացած պահի խառնել բոլորի խաղաքարտերը, եթե գեոպոլիտիկ իրավիճակը դա թույլ տա: Իրանին ամերիկյան հարվածն ու Վրաստանում ռուս-վրացական սրացումները կարող են կանաչ լույս վառել Բաքվի համար Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:
ՀՀ-ն ու Արցախը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝առաջին հերթին ռազմական առումով, քանի որ եթե Ադրբեջանը զարգացնի հաջողությունները պատերազմի առաջին օրերին, ոչ մի միջազգային կառույց կամ գերտերություն չի կարող նրանց ստիպել կանգնեցնել իրենց զորքերը, որոնց նպատակն է մտնել Շուշի և Ստեփանակերտ՝հասնելով խնդրի վերջնական լուծման: