Դատավորի պահվածքն անընդունելի է. Քոչարյանի փաստաբանները կդիմեն միջազգային ատյաններ
Դատավոր Արմեն Դանիելյանի պահվածքը, երբ նա նախընտրեց չլսել պաշտպանության կողմին, աննախադեպ երեւույթ է: Այն անընդունելի է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, պաշտպանության կողմին թույլ չեն տալիս միջնորդություն կատարել, իսկ երբ ելույթ ունենալու հերթն է, միջնորդության փաստը դիտարկում են որպես խախտում եւ զրկում ելույթ ունենալու իրավունքից:
«Չեմ կարող ինչ-որ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ նման բան ընդհանրապես չի եղել: Նույնիսկ չենք մտաբերում՝ ՄԻԵԴ-ը, ըստ խախտումների ծավալի, նման գործ քննե՞լ է: Դատավորի այսպիսի պահվածքին անհնար է իրավական գնահատական տալ: Կարելի է բժշկական գնհատական տալ»,- ասաց Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ այս ամենը կատարվում է եւ բոլորի համար էլ պարզ է, որ Քոչարյանի կալանքի համար ոչ մի հիմք չկա. «Այնպիսի տպավորություն է, որ նրանք ստիպված են ավելի ուժեղ եւ խայտառակ միջոցներ ձեռնարկել Քոչարյանի կալանքն ապահովելու համար», ասաց Ալումյանը՝ ավելացնելով, որ եթե մեկ տարի առաջ բավական էր զանգը, ապա այժմ, գործի ապօրինի գործողությունների բացահայտմանը զուգընթաց, գործադիր իշխանություններից պահանջվում են ավելի կոպիտ միջոցներ:
Նրա խոսքով՝ նրանք բողոքելու են դատավոր Դանիելյանի դեմ, թեեւ արդյունք չեն սպասում: Եվ բացառված չէ, որ բողոքեն այդ թվում միջազգային ատյաններ: