Դատախազը խնդրեց դատարանին կալանավորել Քոչարյանին
Մեղադրող կողմը` դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատարանին ներկայացրեց իր բողոքը և խնդրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել ու կալանավորել վերջինիս: Այս մասին նա հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքի քննության դատական նիստի ժամանակ:
Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարույթի ներկա փուլում գործի բոլոր նյութերին, գործով անցնող անձանց ամբողջական շրջանակին ծանոթ լինելու պայմաններում առավել բարձր է այդ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու ռիսկը:
«Արդարադատությանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները գործուն երաշխիք չեն կարող համարվել: Ուստի դատարանին խնդրում եմ բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ինչպես նաև կիրառել խափան միջոց կալանավորումը»,- հայտարարեց Պետրոսյանը: